Հայաստանում հարավկորեական SsangYong բրենդի «Սեպուհ-1» մարդատար ավտոմեքենաների արտադրություն ձեռնարկած ընկերության ներդրողները ներկայումս փորձում են լուծել հոսքագծային արտադրության անցնելու հետ կապված խնդիրները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հիշեցնելով, որ մինչև այժմ արտադրվել է «Սեպուհ-1» ապրանքանիշի 8 ավտոմեքենա՝ նախարարը մանրամասնեց. «Գիտեմ, որ ընկերության ներդրողները փորձում են լուծել հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, որպեսզի անցնեն արդեն հոսքագծային արտադրության»:
Վահան Քերոբյանը չպատասխանեց «Սեպուհ-1»-ի որակի վերաբերյալ լրագրողի հարցին՝ խոստովանելով, որ այդ ավտոմեքենան չի վարել, հետևաբար չի կարող գնահատական տալ:
Հարցին, թե նախարարը ինչպես է գնահատում «Սեպուհ-1»-ը ՀՀ կառավարության ավտոպարկում ներդնելու հեռանկարը՝ Վ. Քերոբյանը պատասխանեց. «Հիմա աշխատում ենք էլեկտրական մեքենաների անցնել»:
Նա նշեց նաև, որ այսօր կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի տնտեսության արդիականացման ծրագիրը: Դրա համաձայն՝ 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում 3593 ընկերություն, օգտվելով կառավարության ծրագրից, թարմացրել է սարքավորումները և հոսքագծերը: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանք էապես ավելի շատ հարկ են վճարում, քան այդ ոլորտի իրենց մրցակիցները»,- եզրափակեց նախարարը: