Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված է ներդնել էլեկտրոնային արդարադատության (eJustice) համակարգը և գործիքները։
Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան ազգային գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնում է Էլեկտրոնային արդարադատության համակարգի բաղադրիչ համարվող eCourt-statistics վիճակագրական գործիքի ներդրումը, որը թույլ կտա վերլուծել մինչդատական և դատական գործերի քննության հետ կապված գործընթացները (բովանդակային և ձևական)՝ ըստ նախապես որոշված վիճակագրական ցուցանիշների (statistic data) և «բաց տվյալների» ձևաչափի կիրառմամբ։
Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:
Միջազգային փորձի և խորհրդատվության հիման վրա սահմանված վիճակագրական ցուցիչների ներդրման միջոցով հասանելի կլինեն դատական համակարգի գործընթացները (թղթաբանության գործընթացի պարզեցում, տեխնիկական ծանուցումներ), տրամաբանությունը և վերջնարդյունքները, դրանից բացի քաղաքացիները հնարավորություն կունենան գործի ընթացքին առցանց հետևելու։ Ակնկալվում է, որ սրանով կբարձրանան իրավապահ համակարգի թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը:
Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:
Համակարգի շրջանակներում կներդրվեն գործիքներ և մեխանիզմներ, որոնք հասանելի կդարձնեն դատական գործերի քննության հետ կապված բոլոր գործընթացները, ներառյալ՝ ժամկետները: Կմիավորվեն արդարադատության և պետական մարմինների գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները:
Գործիքը բավականին կբարելավի դատական համակարգի հաշվետվողականությունը և լայն հնարավորություններ կստեղծի հանրային վերահսկողության իրականացման համար:
Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը և մոնիթորինգին:
Այսպիսով, առաջարկվում է մշակել և ներդնել Էլեկտրոնային արդարադատության շրջանակներում դատական համակարգի գործիք, որը հնարավորություն կտա կատարել վիճակագրական և վերլուծական աշխատանքներ դատական գործընթացների վերաբերյալ` սկսած մինչդատական փուլից:
Սրան կարելի է հասնել գործող էլեկտրոնային համակարգերի համակցմամբ, արդարադատության ոլորտի մարմինների միջև միասնական էլեկտրոնային հաղորդակցության ներդրմամբ։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է կատարելագործել գործող վիճագրական տողերը և վիճակագրական քարտերը։
Բացի այդ, միջազգային պարտավորություններին համապատասխան, անհրաժեշտ է նախատեսել կոռուպցիոն գործերի համար առանձնացված վիճակագրություն, ներառյալ վիճակագրական տեղեկություններ՝ ըստ պաշտոնների, ըստ հանրային և մասնավոր ոլորտների տարբերակման, տեղեկություններ իրավաբանական անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: