Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։
Բանաձևին կողմ են քվեարկել Սենատի 336 անդամներ, միայն 1 դեմ ձայն է եղել։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատն այսօր քննարկում էր «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձևը:
Բանաձևում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի ջանքեր գործադրել՝ երաշխավորելու հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով Ադրբեջանից պահանջել ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց, ներառյալ՝ ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։
Սենատը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։