Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի շրջանի երկնքում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի վեց հրթիռի և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի վեց հրթիռի ոչնչացման մասին։
Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման և Վալույսկի քաղաքային շրջանի Սոլոտի գյուղի հրթիռակոծման մասին, փոխանցում է Коммерсант-ը։
ՊՆ հաղորդագրության մեջ չի նշվում Բելգորոդի շրջանի վրա հարձակման ստույգ ժամը։ Մոսկվայի ժամանակով ժամը 06:10-ին Գլադկովը հայտնել էր Բելգորոդին մոտեցող օդային մի քանի թիրախների խոցման մասին։
Մոսկվայի ժամանակով 06:23-ին նահանգապետը հայտնել է Վալույսկի քաղաքային շրջանի Սոլոտի գյուղի հրթիռակոծման մասին։ Ըստ նրա, երկու մասնավոր տուն է վնասվել՝ կոտրվել են պատուհանների ապակիները, ճեղքվել է տանիքը, վնասվել է էլեկտրահաղորդման գիծը։ Մոսկվայի ժամանակով 06:47-ին Գլադկովը հայտնել է հրթիռային տագնապի ազդանշանի մասին և հորդորել բնակիչներին չմոտենալ իրենց տների պատուհաններին և իջնել ապաստարաններ։
Երեկ՝ հունվարի 2-ին, Բելգորոդը նույնպես ենթարկվել է չորս հրթիռային հարձակման, ինչի հետևանքով, ըստ նահանգապետի, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 11-ը։ Այսօր՝ հունվարի 3-ին, Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ տուժածներից երեքը շարունակում են բուժումը հիվանդանոցներում, ութ մարդ տուն է ուղարկվել։
Դեկտեմբերի 30-ին հրթիռակոծության էր ենթարկվել Բելգորոդի կենտրոնը։ Զոհվել էր 25 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, վիրավորվել 108 բելգորոդցի։