«Թորքի կազմում հունց ապրես, կարողա գա, ինձ մորթի». 85-ամյա արցախցի կինը՝ բռնի տեղահանման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ռայա Մեհրաբյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում  ասաց, որ գիտեր, եթե Շուշին վերցրել են, ուրեմն՝ Ստեփանակերտը վերցրած է։

Նա հիշում է, որ սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սանձազերծեց հերթական ագրեսիան Արցախի դեմ, ինքը անկողնում պառկած է եղել։

«Թոռնիկ եկավ՝ բաբո՜-բաբո՜, վեր կաց, թուրքերը գալիս են։ Ես իմ շորերով դուրս եմ եկել, ոչ մի բան հետս չեմ վերցրել։ Նստեցի մեքենան, եկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Ռայա տատիկը զրույցի ընթացքում հաճախ էր հիշում իր կորցրած տունը․ «Երկու հարկանի, թա հինչ տուն ա, ամեն ինչ լցրած»։

Նա նշում է, որ չեն իմացել, որ թուրքը կգա և իրենց կհանի տներից։

«Սա գիտե՞ս, թե ինչ դժվար բան ա, ազնվությամբ եմ ասում՝ սա շատ դժվար բան ա։ Չենք հավատում, որ այս դրության մեջ ենք»,-ասում է Ռայա տատը։

Նա  գաղթի ճանապարհին հանդիպել է նաև թշնամու զինված ծառայողներին։

«Թուրքերը կանգնած, զենքը մեջքին, մեկն էլ ձեռքին։ Դե մենք ի՞նչ անեինք։ Լաց լինելով գալիս էինք։ Մի լավ բան չենք տեսել, ամբողջը թուրքեր էին։ Չենք իմացել, որ Ստեփանակերտը թուրքը կվերցնի։ Մեր մտքով էլ չի անցել։ 60 թվից Ստեփանակերտ ապրում ենք, բայց չենք տեսել նման բան։ Որ ասացին՝ թուրքերը գալիս են, մնացի զարմացած։ Թուրքերը որտե՞ղ են գալիս, ի՞նչ կանեն։ Մենք չեն իմացել, որ կհասնենք այստեղ, ազնվությամբ եմ ասում»,-ասում է մեր զրուցակիցը։

Նա սարսափով է հիշում շրջափակման ինը ամիսները։

«Ճանապարհները փակ, մարդ կար, որ հաց չէր ճարում՝ ուտեր։ Կոնֆետ չի եղել, որ ես չայս խմեմ, դժվար ապրել ենք։ Հունց ենք ապրել, չեմ իմանում, թա հինչքան դժվարա։ Տղաս հաց էր բերել, սև։ Ասում եմ՝ Արարատ, որտեղի՞ց ես էս հացը բերել, ասում ա՝ ճարել եմ էլի։ Էդպես ապրել են»,-պատմում է տիկին Ռայա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել