Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ռուզաննա Բալասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ երեք տարի վախով են ապրել թշնամու հետ կողք կողքի։
Խոսելով շրջափակման պայմանների մասին՝ նա ասում է, որ շատ վատ են անցկացրել։
«Վերջում շատ ավելի վատ էր, անգամ սուրճ չկար, ոլոռով ենք սուրճ սարքել։ Շատ վատ։ Աշխատանք չի եղել»,-նշում է նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան, իրենց գյուղ ադրբեջանական հետախույզներ են մտել, գյուղում կրակոցներ են եղել։
«Թեկուզ մեկ օր է եղել այդ կռիվը, բայց սարսափելի է եղել։ Սեպտեմբերի 25-ին տնից դուրս ենք եկել, 27-ին, գիշերվա երեքին՝ տեղ ենք հասել։ Երկու օր սոված-ծարավ եկել ենք։ Հասել ենք Գորիս, մեզ ուտելիք են տվել։ Էս հասակում լավ չի էլի տունը տալ, գնալը։ Ամեն ինչ թողել ենք, դժվարությունով առած։ Ընդամենը մի փոխնորդ շոր ենք բերել։ Մեկ էլ մեզ, սաղ-սալամաթ տեղ ենք հասել»,-նշեց տիկին Ռուզաննան։
Նա նշեց, որ իրենք պատրաստ չեն վերադառնալ Արցախ և ապրել այնտեղ Ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման պայմաններում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան