Վերաքննիչ դատարանում արդեն իսկ մեկնարկել է Քաղաքաշինության նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննելու է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։ Նախագահող էր նշանակվել Սերգեյ Մարաբյանը, կազմում են Մեսրոպ Մակյանը և Կարեն Ամիրյանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր: Թե ում է մակագրվել Վահագն Վերմիշյանի գործը, դեռևս հայտնի չէ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից մեկը վերաբերում է ենթադրյալ խարդախություն կատարելուն։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վահագն Վերմիշյանը 2020 թվականի դեկտեմբեր ամսին իր աշխատասենյակում ընդունել է իր ազգական Աշոտ Մուրադյանին և Ազատության պողոտայում բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ նախաձեռնած Զոհրաբ Հովհաննիսյանին։
Ըստ մեղադրանքի կողմի՝ խոսակցության ընթացքում տեղեկանալով, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Զոհրաբ Հովհաննիսյանին անհրաժեշտ է էսքիզային նախագիծ, նրան խորհուրդ է տվել օգտվել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող և նախագծային աշխատանքներ իրականացնող Գագիկ Փանոսյանի ծառայություններից․
«․․․Նա խաբեությամբ հավաստիացրել է, որ ծառայության դիմաց անհրաժեշտ է վճարել 2,387,150 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում Զոհրաբ Հովհաննիսյանը, գտնվելով մոլորության մեջ, Վահագն Վերմիշյանի անձով պայմանավորված, վստահելով վերջինին, տվել է իր համաձայնությունը և որպես կանխավճար Վահագն Վերմիշյանի պահանջով, իր աշխատասենյակում անձամբ վճարել է պահանջված 5.000 ԱՄն դոլարի մի մասը՝ 1,193,575 դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլարը, միաժամանակ՝ Զոհրաբ Հովհաննիսյանին պահանջելով գումարի մնացած մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը էսքիզային նախագիծը ստանալուց հետո 2020 թվականի հունվար ամսին փոխանցել Գագիկ Փանոսյանին»:
Նշվում է, որ արդյունքում Վահագն Վերմիշյանը Զոհրաբ Հովհաննիսյանից ստացել է խոշոր չափերի 1,193,575 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար, որն էլ խարդախության եղանակով հափշտակել է։
Դատարանում Հովհաննիսյանը ցուցմունք է տվել ու հայտնել՝ ինքն իրեն տուժող չի համարում, խաբված, մոլորված չէ։ Վահագն Վերմիշյանը միայն առաջարկել է տրամադրել փորձառու ճարտարապետների՝ եթե վերջինս ճարտարապետ չունի:
«2019թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, կրկին Աշոտ Մուրադյանի միջոցով հանդիպել է Վահագն Վերմիշյանին նրա աշխատասենյակում: Վ․ Վերմիշյանը հայտնել է, որ կտրամադրի ճարտարապետի տվյալները՝ եթե լուծվել են առաջ քաշված խնդիրները և հավելել է, որ էսքիզային նախագծի պատրաստման արժեքը կազմելու է 5.000 ԱՄՆ դոլար, որի կեսը՝ որպես կանխավճար, նախօրոք պետք է վճարել: Ինքը համաձայնվել է և նույն կամ մի քանի օր հետո, նրա աշխատասենյակում, որպես կանխավճար, առձեռն փոխանցել է քսանհինգ հատ 100 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վկայականի հատակագիծը և գեոդեզիական հանույթի տեղեկանքը՝ լազերային սկավառակով: Գումարը դրել է աշխատասենյակում գտնվող սեղանի վրա: Մի քանի օր անց Վահագն Վերմիշյանի անունից զանգահարել է ճարտարապետ Գագիկ Փանոսյանը, ում հետ հանդիպել է նրա՝ Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող ընկերությունում: Վերջինիս հետ քննարկել է շենքի ընդհանուր պատկերի, էսքիզային առաջադրանքների հարցերը: Գագիկ Փանոսյանն էսքիզային առաջադրանքը հանձնել է 2020թ. հունվարի 20-ից հետո, ում նույն ժամանակ վճարվել է 2500 ԱՄՆ դոլար: Դրանից մի քանի օր հետո նախագիծը մուտք է արել Երևանի քաղաքապետարան՝ նախագծման թույլտվությունը ստանալու համար: Գագիկ Փանոսյանի հետ գումարի չափի վերաբերյալ որևէ խոսակցություն չի ունեցել, բանակցություն չի վարել, վերջինիս հետ չի զրուցել Վահագն Վերմիշյանին 2500 ԱՄՆ դոլար կանխավճար տալու մասին»,-նշվում է «Դատալեքս»-ում հրապարակված ցուցմունքում:
Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ գործում խարդախության հանցակազմ չկա։ Ավելին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դադարեցրել է Զոհրաբ Հովհաննիսյանի մասնակցությունը դատավարությանը տուժողի կարգավիճակում․ «Հիմա, եթե մենք չունենք վստահության չարաշահում կամ մոլորություն, Զոհրաբ Հովհաննիսյանը իրեն խաբված կամ մոլորված չի համարում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը կարողացել է տեղի ունեցածը գնահատել որպես խարդախություն»։
Փաստաբանի խոսքով՝ այս հանցակազմի մեղսագրումը Վահագն Վերմիշյանին կրել է նրա անձը վարկաբեկելու նպատակ, ինչը չի ստացվել․ «Այս դեպքում Զոհրաբ Հովհաննիսյանը դիմել է Վերմիշյանին կառուցապատման հետ կապված որոշակի խնդրով։ Վերմիշյանը կապել է համապատասխան ոլորտի մասնագետի հետ, գումարը փոխանցվել է, աշխատանքները կատարվել են։ Սա է ողջ իրականություն»։
Ընկերությունը, որին 2500 ԱՄՆ դոլար է վճարվել, պետք է շենքի նախագծով զբաղվեր, մյուս հարցերով պետք է այլ ընկերություն զբաղվեր։ Գումարի մյուս մասը չի ծախսվել, քանի որ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է․ «Եթե նա ազատության մեջ մնար, ապա մյուս մասն էլ պետք է փոխանցվել այլ ընկերության, որը զբաղվելու էր արդեն հաջորդ փուլերով։ Վերմիշյանը ոչ թե ներգրավվածություն է ունեցել այդ պրոցեսներին, այլ իրեն դիմած մարդուն փորձել է օգնել, ուղղորդել»։
Հարցին՝ ինչպես է ստացվել, որ Զոհրաբ Հոհվաննիսյանը գործով տուժող չէ, սակայն նշված դրվագով նույնպես Վահագն Վերմիշյանը մեղավոր է ճանաչվել, փաստաբանը պատասխանեց․ «Եթե մի օր Մնացական Մարտիրոսյանին ճանապարհին հանդիպեք, խնդրում եմ՝ հարցրեք։ Խարդախության հանցակազմի ամրագրումը պաշտպանում է մասնավոր շահը։ Եթե անձը ցուցմունք է տալիս ու ասում՝ ես խաբված չեմ, մի բան էլ ավել, իր հարցը լուծվել է, բռնել են ու մարդուն դատապարտում են խարդախության համար»։
Նշենք նաև, որ վկա Վահան Բաղդասարյանը դատարանում հայտնել է, որը զբաղվում է ճարտարապետական նախագծումով, ինժիներական ցանցերի մոնտաժմամբ: Ընկերության ճարտարապետներն են Գագիկ Փանոսյանը, Վահե Պետիկյանը և Հայկ Սադոյանը: Ճանաչում է հոր ընկերոջը՝ Վահագն Վերմիշյանին, գտնվում են նորմալ փոխհարաբերությունների մեջ:
Երբ Վահագն Վերմիշյանը հանդիսացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ առաջարկել է նախագծման պատվեր ընդունել։ Նախագծումների հարցերով Վահագն Վերմիշյանի հետ հիմնականում առնչվել է Գագիկ Փանոսյանը:
Վահագն Վերմիշյանը հեռախոսազրույցի ընթացքում իրեն հարցրել է, թե ինքն արդյոք կնախագծի Զոհրաբ Հովհաննիսյանի շենքը և ինչքան գումարի դիմաց, բայց միայն այդ հարցն է քննարկվել։ Այնուհետև Հանրապետության փողոցի գրասնեյակներից մեկում Հարութ անունով մի տղա է եկել, ինժեներական նախագիծ պատվիրել, որն իրենք կատարել են:
Վկա Վահե Պետիկյանը ծանոթացել է Վահագն Վերմիշյանի հետ, երբ Գագիկ Փանոսյանի հետ գնացել են վերջինիս աշխատասենյակ, որտեղ նա ներկայացրել է Ավան թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան համալիր շենքերի կառուցման ծրագիրը և միաժամանակ առաջարկել Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում գտնվող՝ Զոհրաբ Հովհաննիսյանին պատկանող հողատարածքում շենքի կառուցման համար էսքիզային տարբերակ նախագծել:
Վահագն Վերմիշյանը զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Զոհրաբ Հովհաննիսյանից վերցրել է էսքիզային նախագծի կազմման համար նախատեսված գումարի մի մասը, իսկ իրենց վերջինս վճարելու է 2․500 ԱՄՆ դոլար:
Հանդիպել են Զոհրաբ Հովհաննիսյանին, քննարկել էսքիզային տարբերակները: Նախագիծը պատրաստելուց հետո հանդիպել են Զոհրաբ Հովհաննիսյանին, փոխանցել այն և ստացել 2500 ԱՄՆ դոլարը: Գագիկ Փանոսյանի հետ նախագծել է նաև Երևան քաղաքի Ավան թաղամասի 6 հատ տասնութ հարկանի շենքերի կառուցման էսքիզները: Վկան դատարանում պնդել է, որ Վահագն Վերմիշյանից եբևէ գումար չի ստացել:
Այս դրվագով Վահագն Վերմիշյանը մեղավոր է ճանաչվել։ Դատարանի որոշմամբ՝ նա պետք է 1 միլիոն դրամի չափով տուգանք վճարի։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել բոլոր դրվագներով ու նրան, ընդհանուր առմամբ, դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։