«Կրթվելը պետք է դառնա ապրելաձև». Վարուժան Ավետիքյան

Տեխնոլոգիաների և գիտության արագ զարգացման դարաշրջանում երկրի բնակչությունն ամեն օր ականատես է լինում աշխարհում տեղի ունեցող նոր փոփոխությունների: Մեկ տարի առաջ ստացած կրթությունդ գուցե այսօր արդիական չհամարվի: Աշխատաշուկայում մշտապես մրցունակ լինելու համար շարունակական կրթությունը հույժ կարևոր է: Անշուշտ, այն նպաստում է նաև կյանքի որակի բարելավմանը:

«Կրթվելը պետք է դառնա ապրելաձև»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասում է Հայաստանի կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

Նիկոսիո, Լեստերի, Բոստոնի համալսարաններ, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց: Սա հաստատությունների այն ցանկն է, որտեղ պարոն Ավետիքյանը կրթություն է ստացել:

Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության շրջանավարտի համար Նիկոսիոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելը քիչ էր: Ուսման ընթացքում որոշում է զուգահեռ սովորել նաև նույն համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետ. «4 տարվա փոխարեն 6 տարի սովորեցի և երկու մասնագիտություն ստացա՝ իրավաբանի և բիզնեսի կառավարչի, ավելի նեղ մասնագիտությամբ՝ մարքեթոլոգի: Այդ տարիներին նաև ամառային դասընթացների էի մասնակցում»:

Համալսարանն ավարտելուց հետո՝ նրա համար սկզբունքային հարց էր Հայաստան վերադառնալը. կարևոր էր ստացած գիտելիքներն ու փորձը սեփական երկրում ներդնելը: Առաջին աշխատավայրը Կենտրոնական բանկն էր: Նոր գիտելիքների ձեռքբերմամբ պայմանավորված՝ Մեծ Բրիտանիայի Լեստերի համալսարանը նրան Եվրամիության առևտրային իրավունքի մագիստրոսի կոչմանն է արժանացնում, ավելի ուշ Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցում ստանում է ֆինանսական և բանկային իրավունքից մագիստրոսի կոչում:

34 տարեկանում Կենտրոնական բանկում աշխատանքով պայմանավորված կրկին ցանկություն է առաջանում կրթություն ստանալ: Այս անգամ հերթը Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցին էր:

«Գիտեք, աշխատանքի ընթացքում օրենսդրության զարգացման բնագավառում քեզ մոտ հարցեր են առաջանում, որոնց պատճառով գիշերը չես կարողանում հանգիստ քնել: Ֆորմալ կրթության առումով ես միշտ փնտրել եմ վայր, որտեղ իմ հարցերը կարողանամ բարձրաձայնել. միգուցե այդտեղ պատասխաններ ստանամ, միգուցե հարցերս ավելանան»,- այսպես է անընդհատ սովորելու իր ցանկությունը մեկնաբանում Վարուժան Ավետիքյանը:

Շարունակական կրթությունը կամ ցկյանս ուսումնառությունն իրականացվում է ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ եղանակներով: Ուսումնառության բոլոր եղանակներն էլ պետք է համարվեն հավասարապես կարևոր:

Հայաստանում շարունակական կրթության ոլորտը հիմնականում հիմնված է ֆորմալ կրթության համակարգի վրա: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ավագ իրավախորհրդատու Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ ֆորմալ կրթության մեջ «Կրթության մասին» ՀՀ օրենքով ներառված է հանրակրթությունը, նախնական և միջին մասնագիտական կրթությունը, բարձրագույն կրթությունը և հետբուհական կրթությունը և լրացուցիչ կրթությունը՝ թվարկված բոլոր կրթական համակարգերի համար:

«Իսկ «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է գործազուրկների համար մասնագիտական ուսուցման կազմակերպումը, որը հենց ոչ ֆորմալ կրթության ձևերից է»,- Իրավաբան.net-ին ասաց Սյուզաննա Սողոմոնյանը:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իրականացնում է մասնագիտական ուսուցման ծրագիր: Մասնագիտական ուսուցման ձևերն են մասնագիտական պատրաստումը (արհեստագործական ուսուցում), երբ դիմողը չունի մասնագիտական կրթություն և որակավորում, վերամասնագիտացումը, երբ աշխատաշուկայում բացակայում է դիմողի մաuնագիտական կրթությանը համապատաuխան հարմար աշխատանք, մասնագիտական որակավորման բարձրացումը, երբ դիմողի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ծրագրերի համակարգման բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ աշխատանք փնտրողները գործակալությունում գրանցվելով նշում են նաև, թե ինչպիսի մասնագիտական ուսուցման կցանկանային մասնակցել: Այդ հայտերի հիման վրա խումբ է ձևավորվում, գործակալությունը գտնում է սահմանված չափանիշներին համապատասխան գործատու: Վերջինս էլ անցկացնում է ուսուցումը 2-3 ամիս տևողությամբ: Ուսուցման ողջ ընթացքում գործազուրկները, հողի սեփականաշնորհումից օգտվողներն ու հաշմանդամ անձինք կրթաթոշակ են ստանում՝ գործազրկության նպաստ ստացող անձինք 21600 դրամ, իսկ գործազրկության նպաստ չստացողները, հաշմանդամ անձինք ու հողի սեփականաշնորհումից օգտվողները՝ 22500 դրամ:

Գործակալության ակնկալիքն այն է, որ ուսուցում անցկացնող գործատուն կկարողանա մասնակիցների առնվազն 50 տոկոսին աշխատանքի ընդունել: Ընդ որում՝ մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է գործակալությունը: Նշենք, որ մեծահասակներին աշխատանքի ընդունելու հարցում պետությունը գործատուին ոչ մի կերպ չի խրախուսում. գործակալության խնդիրը գործազուրկի համար աշխատանք գտնելն է, իսկ թե ինչ տարիքի լինի իր աշխատակիցը, իհարկե, որոշում է գործատուն:

Հայաստանում ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ճանաչման մեխանիզմների բացակայության խնդիր կա:

Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ 2006-2007 թվականներին Կենտրոնական բանկում որոշում են նյութապես խրախուսել այն աշխատակիցներին, ովքեր կմասնակցեն տարբեր վերապատրաստումների, սերտիֆիկացման ծրագրերի: Աշխատակիցների մեծ մասը մասնակցում են տարբեր ուսուցումների: Հիմա արդեն ֆինանսապես չեն խրախուսում, սակայն կրթվելն արդեն մշակույթ է դարձել Կենտրոնական բանկում:

Աշխատանքի ընթացքում հաճախ է պատահում, որ իրավագիտության բնագավառում հարց է առաջանում: Պարոն Ավետիքյանը հանձնարարում է աշխատակիցներից մեկին ուսումնասիրել թեման, ապա սեմինար կազմակերպել՝ կրթելով 30-40 անձի: «Այդ մշակույթը մեծ ռեսուրսների կարքի չունի: Պարտադիր չէ գնալ, հասնել Անգլիա կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կրթվելու համար: Կարող ես ամեն օրվա քո աշխատանքի դեպքերը դարձնել քեզ համար կրթվելու առիթ (ինֆորմալ կրթություն-խմբ.)»,-ասում է Հայաստանի կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը: Նրա խոսքով՝ իր գործընկերներին միշտ ասում է՝ վերապատրաստումներից պետք է վերադառնալ ոչ միայն բիզնես քարտերով, այլ նաև լավ ծանոթություններով: Շատ է պատահել՝ տեղեկացել են, որ Հայաստանում իրենց հուզող խնդիրն իրենց արտասահմանյան գործընկերները լուծել են: Վերապատրաստումների ժամանակ ձեռք բերված ծանոթությունների շնորհիվ կարողացել են փորձի փոխանակման միջոցով լուծել Հայաստանում իրենց հուզող խնդիրը:

Վարուժան Ավետիքյանը նշում է, որ Շվեդիայում հարկերի հաշվին բյուջեն ֆինանսավորում է տարբեր տեսակի կրթական ծրագրեր, որ յուրաքանչյուր տարիքում մարդը կարողանա կրթվել: Հայաստանը որդեգրել է գիտելիքահենք հասարակություն և տնտեսություն ունենալու քաղաքականությունը, բայց ֆորմալ կրթությունից բացի, ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթության համար դեռևս ֆինանսական միջոցների ներդրման կարիք կա:

2009 թվականին մշակվել է Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգը: Սյուզաննա Սողոմոնյանը հայտնում է, որ հայեցակարգի մշակումը միտված է կոնկրետ ոլորտում առկա խնդիրների հայտնաբերմանը, վերհանմանն ու դրանց լուծմանն ուղղված միջոցների և եղանակների մշակմանը: Հայեցակարգում առաջ են քաշվում այն ուղիներն ու միջոցները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարեփոխել այս կամ այն ոլորտը:

Հայաստանի կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության շնորհիվ կարողացել է մեծ փոփոխություններ նախաձեռնել ու իրականացնել Հայաստանի օրենսդրական դաշտում, մասնավորապես՝ արժեթղթերի բնագավառի օրենսդրությունն է ամբողջությամբ փոփոխվել և համապատասխանեցվել Եվրոմիության ստանդարտներին, բարեփոխվել է վճարահաշվարկային բնագավառի օրենսդրությունը, ներդրվել է ապահովագրական բնագավառի ամբողջությամբ նոր օրենսդրություն, ֆինանսական ոլորտի սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումներ, ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Այսօր Հայաստանի ֆոնդային բորսան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ն է կառավարում և դա հնարավոր է դարձել, որովհետև արժեթղթերի բնագավառի օրենսդրությունն է փոխվել, դա էլ կարևոր պատճառներից մեկն էր, որ 2014 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակային նոր համակարգ:

Վերջերս Վարուժան Ավետքյանը մի աղջկա է գործի ընդունել: Մեծ փորձառություն չի ունեցել, բայց լավ կրթություն է ունեցել: Աշխատակցուհին այսօր կրկնակի է վարձատրվում համեմատած այն աշխատակցի, որը համարյա նույն փորձառությունն ունի, բայց ոչ նույն կրթությունը:

Լավ կրթություն ունեցող մարդիկ պետք է քաջալերվեն. շարունակական կրթության կարևորությունը գիտակցող անձանց է վստահված նաև երկիրը զարգացնելու պատասխանատու գործը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել