«ՏՀԶԿ-ն և ԵԽ-ն Հայաստանին ինչ-որ ձևով պարտավորեցնելու կամ ՀՀ-ի համար հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու հնարավորություններ չունեն»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ադրբեջանական հերթական «հարձակման» մասին։
Ադրբեջանական և թուրքական լրատվականները գրել էին այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և Եվրոպայի խորհրդին (ԵԽ)՝ Հայաստանի «բնապահպանական հանցագործությունների» վերաբերյալ։ Լրատվականները նշում են, որ Ողջիի ենթադրյալ աղտոտման, ինչպես նաև Երասխ գյուղում կառուցվող գործարանի մասով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ՀՀ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի «աղտոտվածության» փաստով հետաքննություն է ընթանում։ Նշված է նաև, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների կողմից երկար ժամանակ անդրսահմանային Ողջիի աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում առանց Ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու մետալուրգիական խոշոր կոմբինատի կառուցումը և «շրջակա միջավայրի պահպանության չափանիշների խախտումը» առաջացրել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ էլ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել ՏՀԶԿ-ին և ԵԽ-ին։ Հարկ է ընդգծել, որ ադրբեջանական կողմի քայլն աբսուրդային է նաև նրանով, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը անգամ չեն անդամակցում ՏՀԶԿ-ին։
«Եթե որևէ լուրջ հանցանք կատարած լիներ Հայաստանը, ապա այդ անդամ պետությունները նաև անհատական պատժամիջոցների մասին որոշում կամ որոշումներ կընդունեին, ինչպես եղել է, օրինակ, Ռուսաստանի դեպքում։ Պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվում է հենց այս 2 կառույցների հարթակներում։ Տվյալ դեպքում ծիծաղելի է խոսել նման հետևանքների մասին։ Սա Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար»,-նշում է Արա Խզմալյանը։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ ցանկացած սեփական անիրավաչափ արարքից առաջ Ադրբեջանը փորձում է մեղադրանքներ առաջ քաշել Հայաստանի դեմ։ Դա մի կողմից պաշտպանության, մյուս կողմից՝ լրացուցիչ ճնշում գործադրելու քայլ է։
«Որևէ իրավական հետևանքների մասին խոսել չի կարելի, քանի որ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի մասին է։ Ավելին, ես չեմ կարծում, որ Հայաստանը նշված կոնվենցիաներով նախատեսված որևէ նորմ է խախտել։ Մեր տարածաշրջանում առհասարակ և ընդհանրապես աշխարհում կա անդրսահմանային էկոլոգիական վնասի խնդիր, բայց այնպես չէ, որ Հայաստանը անբարեխիղճ է գործել։ Այո, գետերի աղտոտման խնդրի կա և՛ մեզ մոտ, և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։ Հանքարդյունաբերությունը չի օգնում բնությանը, սակայն այնպիսի ռիսկեր չի առաջացնում, որոնք կարելի է միջազգային մակարդակով քննարկել որպես խախտումներ, առավել ևս հանցանքներ»,-նշում է նա։
Արա Խզմալյանի խոսքով՝ այստեղ աշխատանք ունի կատարելու Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ հարթակները, որտեղ Ադրբեջանը պարբերաբար դիմում է, բուն էկոլոգիական հարթակներ չեն։
Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Վերջերս հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ էին ստորագրել, որով թիրախավորվում է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել է նաև հայ փորձագետների, այդ թվում «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:
Իրավական դաշտում վերջինիս պնդումների անհիմն և անհեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի դիմել «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) իրականացման կոմիտեին, որը միտված է գնահատելու պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների կիրարկման համապատասխանությունը և այդ նպատակով պետություններին առաջարկություններ ներկայացնելու։ Վերջինս հարցին փորձել է այլ լուծում տալ՝ բազմիցս կրակ բացելով գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Iravaban.net-ը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Գլխավոր դատախազություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով ու ստացել պատասխանները։ Նշված գերատեսչություններից և ոչ մեկը նշված թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Միջազգային կառույցները ՀՀ նշված պետական մարմիններին որևէ ձևաչափով չեն դիմել։
Ավելին, նշված դիմումի զարգացումների, դրա վերաբերյալ ենթադրյալ արձագանքի մասին չի գրել անգամ ադրբեջանական մամուլը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ի հավելումն վերոգրյալի, նշել նաև, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նմանօրինակ հայտարարությունների վերաբերյալ բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Արդեն երկար ժամանակ է ադրբեջանան կողմը չի դադարում իր հարձակումները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է։ Հայաստանի տնտեսության վրա ներգործելու Ադրբեջանի ցանկությունն այնքան մեծ է, որ այդ գործին է լծել ոչ միայն «էկոակտիվիստներին», այլ նաև իրավապահ համակարգը, պետական ապարատը։