Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղեհանված Նելլի Պետրոսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նշեց, որ երկու անգամ ստիպված է եղել բռնի տեղահանվել Արցախից՝ առաջին անգամ 2020թ․-ին, այժմ նաև 2023թ․-ին։
«2020 թ․-ին լքեցինք Արցախը։ Այն ժամանակ տղերքս երեքն էլ հենց դիրքերում էին։ Մեկը զինծառայող էր, երկուսն էլ գնացել էին կամավոր։ Այդ պատերազմին տղաս ոտքը կորցրել է։ Արցախ վերադառնալիս վախ չկար, որ ասել էին՝ ռուս խաղաղապահներն էնտեղ են։ Նոյեմբերի 9-ին կռիվը կանգնեց, ամսի 18-ին էրեխեքիս վերցրի ու հետ վերադարձա մեր տուն, մեր առօրյա կյանքով ապրում էինք։ Թշնամու դիրքերը մեզնից 500 մետր էին հեռու, բայց որ ռուս խաղաղապահները կային, շատ չէինք վախենում» -ասաց նա։
Նրա խոսքով՝ ամեն դժվարություն էլ հաղթահարել են շրջափակման ժամանակ, ամենից շատ ձեթի ու քաղցրի կարիքն էր զգացվում։
«Այդ առավոտ (սեպտեմբերի 19՝ խմբ․) ինչ-որ զգացում ունեի վատ, չգիտեմ, երևի դրա համար էրեխեքին չուղարկեցի դպրոց։ Ժամը չեմ հիշում, բայց կրակոցի, պայթյունի ձայներ լսեցինք, գնացինք Մարտունու Մշակույթի տան նկուղ։ Սեպտեմբերի 20-ին նոր իմացանք եղբորս ու հերոս տղու կորուստը։ Չէին թողնում՝ եղբորս դիակը բերենք։ Այդ օրերին չեի կարողանում այլ բաների մասին մտածել, անընդհատ մտածում էի՝ երբ են բերելու եղբորս դին, որ հուղարկավորենք։ Քեռիս մի կերպ մեզ՝ ինձ ու մորս, համոզեց, որ դուրս գանք։ Եղբորս փոսը, ծաղիկները էդպես թողեցինք, ու ճամփա ընկանք։ Թվում էր մահամերձ եմ, տեղս էլ չէի գտնում։ Նոր ճանապարհին եղբորս ընկերների հետ կապվեցինք, տեղեկություն չունեին՝ ուր են տանելու եղբորս դին։ Հետո ասեցին, որ կտանեն Եռաբլուր։ Մարդիկ ինչով են ուրախանում, ես ինչով․․․ Սիրտս հանգստացավ, որ էստեղ կլինի։ Չգիտեմ», – պատմեց մեր զրուցակիցը։
Նելլի Պետրոսյանն ասում է, որ Հակարիի կամուրջն անցնելիս տղաների անձնագրերն են ստուգել։
«Նոր եկանք Վայք, Վայքում դիմավորեցին։ Ոչ մի բան հետներս չէինք վերցրել՝ մի ձեռք հագուստ, մեկ էլ փաստաթուղթ»,- ասեց նա։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան