«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։
Նշենք, որ Iravaban.net-ը հետաքննություն է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Էրեբունի» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական դատական նիստը։ Ավելի վաղ «Արնդանե»-ի փաստաբան Ներսես Աղաբաբյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, իսկ «Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցիչը՝ միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով Արա Հակոբյանի ներկայացրած հայցը մերժելու մասին։
Նիստը նախագահում է դատավոր Երեմ Եսոյանը։
Բանկի ներկայացուցիչ Նարեկ Սահակյանը դատարանում հայտնեց, որ վիճահարույց գործարքի անվավերության և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց կարող է ներկայացվել 1 տարվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Նշվում է, որ հայցվորը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից սկսած (երբ անցկացվել էր աճուրդը) ուներ մեկ տարի, սակայն այդ ընթացքում չի ներկայացրել հայցադիմումը։
Հայցվորի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանը նշեց, որ այդ մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկվի այն պահից, երբ խախտվում է անձի իրավունքը․ «Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը հաշվարկվում է այն պահից, երբ խախտվել է անձի իրավունքը։ Արա Հակոբյանը իմացել է աճուրդի մասին, բայց իրավունքի խախտման մասին իմացել է իրավունքի պետական գրանցումից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին»։
Պատասխանողների և գործով ներգրավված 3-րդ անձանց դիրքորոշումը միասնական էր։ Նրանց կարծիքով՝ Արա Հակոբյանն ավելի վաղ է տեղյակ եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին, քանի որ 2018 թվականի աճուրդի վերաբերյալ հայցվորն իմացել է 2019 թվականին ՀՀ վարչական դատարանում քնվող թիվ ՎԴ/1043/05/19 գործի շրջանակներում։ 2019 թվականին վիճարկվող աճուրդի մասին տեղեկանալու փաստը հաստատեց նաև Արա Հակոբյանի ներկայացուցիչը:
Դատարանը միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 2023 թվականի դեկտեմբերի 7-ին։