Հայտնի է ՀԱԿ ակտիվիստների գործով որոշումը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ 4 ակտիվիստների գործով որոշումը:

Դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքներից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով կայացրեց արդարացման դատավճիռ, մյուս հոդվածներով դատապարտեց երեք տարի ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման որոշումը և Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Արտակ Կարապետյանին դատապարտեց ազատազրկման երկու տարի տասնմեկ ամիս  ինը օր: Վերջինիս նկատմամբ ևս կիրառվեց համաներման ակտ՝ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Դավիթ Քիրամիջյանին դատապարտեց երկու տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանին՝ մեկ տարի տասնմեկ ամիս քսան օր: Վերջիններիս նկատմամբ դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակեց փորձաշրջան:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի համար:

Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը մեղադրվում են խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` միայն խուլիգանության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել