Հակակոռուպցիոն դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նոյեմբերի 2-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ևս 2 վկաներ։
Նրանք վկայություն տվեցին դրվագներից մեկով, որը վերաբերում է Ռազմական ոստիկանության զինծառայողներին, ովքեր ծառայության չեն ներկայացել։
N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից) հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանն աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջինը դատարանում հարցաքննվեց Արամ Բաղդասարյանը։ Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Վլադիմիր Գասպարյանին։ Բաղդասարյանը հայտնեց, որ ՌՈ-ում ծառայելու ընթացքում 2018-2019թթ․-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ կապված 1 զինծառայողի հետ, որը նշանակված է եղել, սակայն ծառայության չի ներկայացել։
Վկա Արամ Բաղդասարյանը հատուկ նշանակության գումարտակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ․ «Ղարաբաղից տեղափոխվելուց հետո, սկզբնական շրջանում ինձ ասել են, որ հրամանով գործուղման մեջ է։ Չեմ տեսել, չեմ շփվել այդ անձի հետ։ Միայն հիշում եմ, որ շտաբի պետ էի ՌՈ-ում, այդ անձը ներկայացել էր ինձ ծառայությունից ազատվելու համար, ուղարկել եմ կադրերի բաժնի պետի մոտ։ Այլ շփում այդ անձի հետ չի եղել»։
Վկան վերադասին հայտնել է, որ բացակա զինծառայողներ կան․ «Այդ ժամանակ ես հասկացա, որ դա ավելի բարձր հրամանով է, այդ ուղղությամբ չեմ էլ հետաքրքրվել։ Երբ ոստիկանապետը ինձ ասաց՝ տեղյակ եմ դրա մասին, կա հրաման, այլ հարցապնդում չեմ արել»։
Վկայի՝ քննիչի մոտ և այժմ դատարանում տրված ցուցմունքներում հակասություններ կային և դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը։ Արամ Բաղդասարյանը հայտնեց, որ այն ժամանակ հիշողությունն ավելի թարմ էր, մանրամասներ է մտաբերել։ Դատավորը «Նախաքննական ցուցմունքում նշել եք, որ զեկուցել եք ՌՈ պետ Սամվել Ղուկասյանին, նա էլ իր հերթին ասել է՝ տեղյակ ենք, գործ չունես նրանց հետ։ Սա էական հանգամանք է»։
Վկան հաստատեց․ այո, նման բան եղել է, նիստերի դահլիճում հիշեց դրա մասին։ Բացակաների մասին տեղեկացված է եղել նաև հաջորդ ՌՈ պետը, Արթուր Բաղդասարյանը․ «Ասեց՝ հատուկ աշխատողներ չեն իրենք իրականում, կադրերի պետի միջոցով կանչել ենք իրենց։ Եկել են, զեկուցագիր են գրել ու գնացել։ Ասել ենք՝ եկեք ծառայության, իրենց եկել ու զեկուցագիր են գրել»։
Վկայի խոսքով՝ հետո է իմացել, որ գործարարի անվտանգություն են ապահովել։
-Ասում եք՝ ինչ-որ գործարարի անվտանգության պետ է եղել։ Գործարարների պակաս չունենք ՀՀ-ում։ Այդ մի բանից հարուստ ենք։ Ո՞վ էր այդ երջանիկ գործարարը,-ասաց դատավորը։
-Պարոն դատավոր, ինձ հետաքրքիր չի եղել, իմացել եմ, որ մեր աշխատողը հատուկ օպերատիվ ծառայությունում չի ծառայել, հետաքրքիր չի՝ ում անվտանգությունն է ապահովել,-պատասխանեց վկան։
-Սամվել Ղուկասյանը ասել էր Ձեզ, որ նրանք հատուկ օպերատիվ ծառայություն են իրականացնում։ Տարիներ անց իմացաք, որ նրանք հատուկ օպերատիվ ծառայությունում չեն աշխատում։ Որպես զինվորական, Սամվել Ղուկասյանի վարքագծից հիասթափություն ապրեցի՞ք, թե չապրեցիք։
-Չեմ մտածել այդ մասին։
-Ստացվում է, որ Սամվել Ղուկասյանը ստել է՝ ասելով, որ հատուկ օպերատիվ ծառայություն են իրականցնում։ Նրանք ինչ-որ գործարարի անվտանգություն են ապահովել, վարչության պետն էլ դա ներկայացրել է հատուկ «օպերատիվ ծառայություն» սոուսով, քողի տակ։ Դուք, որպես սպա, ի՞նչ զգացողություններ ունեցաք։
-Չեմ մտածել այդ ուղղությամբ։
2-րդը հարցաքննվեց Արմեն Ավանեսյանը։ Նա նշեց, որ նիստերի դահլիճում ներկա անձանցից ճանաչում է միայն Վլադիմիր Գասպարյանին։ Ավանեսյանը 1992-ից մինչև 2004 թվականը ծառայել է Ռազմական ոստիկանությունում որպես հատուկ նշանակության վաշտի հրամանատար։ Վկայի խոսքով՝ ինքը չի ճանաչել բացակայած 3 զինծառայողներին։
Հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը նշեց՝ Խաչիկ Բադեյանը եղել է Ավանեսյանի վաշտից։
«Մեր մոտ վաշտերում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր գործուղված են եղել տարբեր ստորաբաժանումներ։ Ես իրեն չեմ տեսել, չեմ ճանաչում։ Այդ անձինք հաստիքացուցակից հանված են եղել, նշված էր, որ իրենք գործուղված են։ Ընդունված է եղել, որ հատուկ նշանակության վաշտի կամ գումարտակի հաստիքների վրա նշանակվում էին, սակայն ծառայում էին այլ գումարտակում»,-նշեց վկան։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը՝ դիմելով վկային, հարցրեց․ վերջինս զինծառայողի մասին տեղյակ լինելու, ծառայության վայր վերադարձնելու հետ կապված պարտականություններ ունեցե՞լ է, թե ոչ։ Ավանեսյանը նշեց, որ նման պարտականություն չի ունեցել։ Դատավորը խնդրեց վկային հայտնել, թե նրա իրավունքներն ու պարտականությունները որ իրավական ակտով են սահմանվում։ Ավանեսյանը պատասխանեց՝ «ուստավով»։
Դատավորը շարունակեց․ «Վաշտի հրամանատարի Ձեր պարտականությունների մասին փորձենք խոսել։ Կանոնակարգի համաձայն՝ վաշտի հրամանատարը պետք է գիտենա վաշտի յուրաքանչյուր զինծառայողի անունը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը։ Զինվորներին, սերժանտներին ներկայացնել հերթական զինվորական կոչմանը, կազմակերպել անձնակազմի տեղավորումը, վաշտի կարգուկանոնը, զինվորական կարգապահությունը։ Կազմակերպել վաշտից նշանակվող օրվա վերակարգի անձնակազմի վերապատրաստումը, վերահսկել նրանց ծառայության կատարումը։ Ձեր պարտականությունները Խաչիկ Բադեյանի մասով կատարե՞լ եք, թե ոչ»։
-Ոչ։
-Ինչի՞ չեք կատարել։
-Որովհետև իրեն ոչ տեսել եմ, ոչ էլ ճանաչել։
-Տենց պետք է մնա՞ր։ Ռազմական ոստիկան էիք, կարիք չկա՞ր փորձել նրան վերադարձնել ծառայության, փորձեիք պարզել՝ այդ մարդը որտեղ է գտնվում։
-Դա մեր լիազորությունների մեջ չէր։
-Բա ո՞ւմ լիազորությունների մեջ է մտնում։
-Մենք ստանում էինք կարգադրությունը, որ ունենք այ սենց մարդ հաստիքացուցակի վրա նստած, ու էս մարդը գործուղված է։ Մնացածը մեզ չէր հետաքրքրում։
Ավանեսյանի խոսքով՝ նա այդ հրամանը ստացել է գումարտակի հրամանատարից կամ շտաբի պետից։ Նա նաև նշեց, որ չեն հարցրել, թե զինծառայողը որտեղ է գործուղված։ Վարդգես Սարգսյանը հարցրեց․ էլի են եղե՞լ դեպքեր, երբ մարդիկ մի քանի տարով գործուղված են եղել ու ծառայության չեն ներկայացել։ Վկան դրական պատասխան տվեց, սակայն հրաժարվեց անուններ տալ։
Արմեն Ավանեսյանը նշեց նաև՝ երբևէ Բադեյանին վերակարգում չի ընդգրկել, նա տագնապներին չի ներկայացել։ Վկայի պնդմամբ՝ ինքը վերադասին հարցեր չի տվել գործուղված զինծառայողների վերաբերյալ։
-Եղե՞լ է Ձեր վաշտում զինծառայող, որ 10 օրով, 1 ամսով, 20 օրով։ Հետո եկել է, նրան ընդգրկել եք ծառայության։
-Ոչ։
-Ով գնում էր գործուղման, էլ հետ չէր գալի՞ս։
-Այո։
Այնուհետև վկան հերթով նշեց իր ղեկավարների անունները, որոնցից մեկի անունը Վովա Հակոբյանն էր։ Հարցաքննությունը մոտենում էր ավարտին և դատավորն արձագանքեց․ «Ես գիտեի՝ այդ անունով ՌՈ-ում մի մարդ է եղել»։
2 վկաների հարցաքննությունից հետո դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Վլադիմիր Գասպարյանը։ Նա նշեց, որ 1997-ին ՌՈ-ում հաստիքացուցակ չկար։ Կային մարդիկ, ովքեր նշանակված էին մի հաստիքի, սակայն այլ աշխատանք էին կատարում․ «Հաստիքացանկի մասին խոսակցություն չկար։ Օրհասական իրավիճակ էր։ Համակարգ կա հիմա, ստեղծել ենք այդ համակարգը։ Սկսել ենք «ցելաֆոնի» փոխարեն ապակի դնելուց»։
Եվգենյա Համբարձումյան