Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մարուսյա Մելքումյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ երեք անգամ բռնի տեղահանվել է ադրբեջանական կողմի հայասպան գործողությունների հետևանքով։
«Ես ամուսնացել եմ ու գնացել Սումգայիթ։ Գնացինք այնտեղ, երեխաներս այնտեղ են ծնվել։ Այնտեղ աշխատել ենք, ընտանիք ենք կազմել, տուն-տեղ ենք դրել։ Մի օր վեր կացանք, տեսանք, որ հայերի հեռախոսակապերը կտրել են։ Բոլոր հայերի հասցեները վերցրել էին։ Իմանում էին որտեղ է հայ ապրում, որ մտնեն կոտորեն։ Կոտորել են, շատ են կոտորել։ Այս ընթացքում աշխատանքի չէինք գնում։ Տանը նստած էինք, արդեն գիտեինք, որտեղ և ում են կոտորել։ Հետո մեզ ասացին, թե դրանք մի խումբ խուլիգաններ են եղել և կապ չունեն թուրքերի հետ։ Սկսեցինք գնալ աշխատանքի, բայց էն չէր։ Եթե ոստիկանին ասեիր, որ բռնաբարում են, կոտորում են չէին խառնվում։ Մի կողմից էլ օգնում էին։ Դեպք է եղել, երբ ադրբեջանցին հային իր տանն է թաքցրել, բռնել են այդ ադրբեջանցուն էլ են սպանել»,-ասաց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ այդ վայրագություններից հետո եկել է Արցախ՝ իր ծնողների գյուղ։
«Եկանք, այստեղ տուն-տեղ դրեցինք։ Երեխաներս մեծացան, բանակ գնացին, կռվի մասնակից դառան։ Ասացինք՝ վերջ, հավիտյան կմնանք այստեղ։ Բայց այդքան կռիվներ տարանք։ Հինգ կռիվ եմ արել։ Եկանք, հասանք Հայաստան»,-ասաց նա։
Տիկին Մարուսյան ասում է, որ շրջափակման ինը ամիսները շատ վատ են տարել։
«Սովի մատնեցին, հաց չկար։ Խանութները դատարկ։ Ոնց որ դավաճանություն լիներ, սովի մատնեցին։ Առանց լույս, առանց գազ, ջուրը կտրում էին։ Մի բոմժի նման։ Վառարանները դրած։ 21-րդ դարում մարդ այդ ձև ապրի, ես չգիտեմ, բոմժի նման։ Կաթ էին բերում կաթի հերթերի մեջ էինք։ Կաթն էլ կտրեցին, կաթ չկար։ Այնպես էին արել, որ ժողովուրդը ժամանակ չունենար գնալ, բողոքելու՝ ասի՝ այս ի՞նչ եք անում։ Ոչ միրգ կար, ոչ մի բան չկար։ Հիվանդությունները շատացել էին, մեծահասակները չէին դիմանում, ուտելիքը պակաս։ Բայց ինը ամիս դիմադրել ենք։ Լսե՞լ եք, որ ղարաբաղցին ուժեղ է, ամեն ինչին դիմադրում է, դիմադրել ենք։ Մեծից փոքր, փոքրից մեծ։ Համախմբված, մեկը մյուսին օգնել է։ Վերջում էլ տվեցին 24 ժամ, որ պետք է Ղարաբաղն ազատենք»,-ասաց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական կողմը սկսել է հերթակա ագրեսիան, իրենք փորձել են վառելիք գտնել։
«Բենզին գտանք ու ճանապարհվեցինք։ Միայն շորեր ենք վերցրել։ Ամեն ինչ տունը դրած էր, հարյուր տարվա տուն էր։ Ինչ վերցնես, փախչում ենք»,-ասաց նա։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան