Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Գրետա Աղաբեկյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ ծնվել է Ադրբեջանում, իր հայրն արցախցի է եղել, ինքն էլ որոշել է տեղափոխվել և ապրել Արցախում։
«Որոշեցի գալ և հորս հայրենիքում շարունակել կրթությունս։ 1976 թվականին եկել եմ Ստեփանակերտ։ Ամուսնացել եմ ու մնացել Ստեփանակերտում։ Մեկ սենյականոց բնակարանում ենք ապրել։ Շուշին ազատագրելուց հետո տեղափոխվել ենք այնտեղ»,-ասում է նա։
Մեր զրուցակիցը ստիպված է եղել տեղահանվել նաև Շուշիից 2020 թվականի ադրբեջանական կողմի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նա նշում է, որ այն ժամանակ էլ իր հագի շորերով դուրս է եկել Շուշիից․ «Քանի որ ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, հետ գնացի Արցախ»։
Սեպտեմբերին 19-ին նա դրսում է եղել, երբ Ադրբեջանը սկսել է հերթական ագրեսիան։
«Մի պայթյուն լսվեց և շների կլանչոց։ Մտածեցի, թե անտեր, թափառական շներին են սպանում։ Որ երկրորդ անգամ խփեցին, սկսեցինք փախնել։ Մտանք ինչ-որ շենքի նկուղ։ 2 ժամ մնացի այդտեղ, երբ մի փոքր դադարեց կրակոցը, հետ գնացի այնտեղ, որտեղ ապրում եմ։ Այդ գիշեր սարսափելի վիճակ էր, ասացինք՝ որ ողջ մնանք արդեն լավ է։ Մեր շենքի վերևը սկսեցին խփել, 3 հոգի մահացան։ Երկուսը՝ կին, մեկը՝ տղամարդ։ Մինչև տարհանվելը մնացել ենք նկուղում։ Դրանից հետո պետք է վառելիք ճարեինք, որ գային Հայաստան, դրանից հետո էլ բենզինի պահեստը պայթեց շատ զոհեր եղեն։ Չորս օր չկարողացանք բենզին ճարել»,-ասաց տիկին Գրետան։
Խոսելով ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման մասին՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ չի կարող ապրել ադրբեջանցիների հետ։
«Եթե թուրքը չլինի բոլոր արցախցիները հետ են գնալու, բայց որ թուրքն այնտեղ է չէ»,-տնդգծում է նա։
Տիկին Գրետան նաև պատմեց, թե ինչ պայմաններում են ապրել, երբ Ադրբեջանը ապօրինի փակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և շուրջ 9 ամիս Արցախը պահել շրջափակման մեջ։
«Հատկապես վերջին չորս ամիսը ահավոր էր, քանի որ ոչինչ չկար ուտելու։ 200 գրամ հաց էին տալիս, չգիտեմ՝ ինչ էր խառնած, ուտում էինք փորլուծություն, չգիտեմ ինչե՜ր, գնում էինք այն աշխարհ, հետ գալիս»,-նշում է նա։
Մեր զրուցակիցը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ժողովրդին, բայց նաև բարձրաձայնում խնդիրների մասին։
«Հյուրանոցը մեզ մինչև ե՞րբ պետք է պահի։ 2 ամիս, 3 ամիս, դե պետք է իրեն էլ վարձատրեն, որ այդ հյուրանոցը մեզ պահի։ Հրազդանում տուն են առաջարկում, վարձը՝ 120 հազար դրամ, որ ժամանակին 30 հազար դրամ էր։ Վարձ տամ, բա մենք ի՞նչ ուտենք, որ գործ էլ չկա։ Ես 65 տարեկան եմ, ո՞վ է ինձ գործ տալիս»,-հավելելց նա։
Գրետա Աղաբեկյանն ասում է, որ խաբված են և ոչ մի ակնկալիք չունեն միջազգային կառույցներից։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան