«Զոհված թոռանս նկարներն ու հագուստներն եմ հետս բերել»․ Արցախից բռնի տեղահանված

Ռոմելա Մուսաելյանը Արցախի Մուշկապատ գյուղից է, բայց ամուսնացել և ապրել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի հարձակումը սկսվել է, տանն է եղել։

«Չէի սպասում այս օրվան։ Ես լավատես մարդ եմ առհասարակ։ 44-օրյային էլ մտածում էի՝ երևի հեսա կվերջանա, էսօր կվերջանա, վաղը կվերջանա։ Վերջին օրը՝ զինադադարից ժամեր առաջ թոռս զոհվում է։ Երկու օր հետո լսում ենք, որ զոհվել ա։ Եռաբլուրում է։ Քառասունքին գնացի Եռաբլուր ու հետ եկա գյուղ՝ Մոխրաթաղ »,-պատմում է նա՝ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

Ասում  է՝ զգում էին, որ ամեն մի պայթյուն պատերազմի նշան է։ Սեպտեմբերի 20-ին՝ հաջորդ օրն են  քիչ, թե շատ քչացել կրակոցները, երբ խոսում էին, որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ներկայացուցիչների և ռուս խաղաղապահների միջև։

«Հարևանս եկավ, ասեց՝ շուտ դուրս պետք է գանք, պատերազմը շարունակվելու է։ Չհավատացի, ճիշտն ասած։ Սպասեցի այդ օրը, ոչ մի բան չէի նախապատրաստել, որ վերցնեմ հետս դուրս գալուց։ Հետո ասեցին՝ երկու օր ժամանակ են տալիս, ծանոթներից մեկն ասեց՝ շուտ պատրաստվի, որ դուրս գանք։ Ասեց՝ շատ բան պետք չի վերցնել։ Մի փոքր մեքենա էր, չորս ընտանիքի պետք ա տեղափոխեր։ Մի պայուսակի մեջ թոռանս շորերը վերցրի, կոշիկներս ու վերարկուս։ Այդ օրը կազմակերպեցինք՝ թոնիր վառեցինք, հաց թխեցինք։ Ասեցի՝ ճանապարհին ով չի ունենա, կտանք։ Գիտեին արդեն, որ հաց ունեի, գալիս էին, բաժանում էի ես էլ։ Ու էդպես մինչև Կոռնիձոր։ Էս դաժանությունը քանի անգամ տեսանք»,- պատմում է Ռոմելան։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը եղեռն էր՝ ինը ամիս շրջափակման մեջ՝ առանց հաց ու սնունդ։

«Ասում էի՝ երանի մեկս մյուսին չկորցնի։ Գիտեի, որ մեզ հանգիստ չէին տալու, մեկ ա, գնալու ենք, բայց գոնե կազմակերպված լիներ դա՝ մեզ ճանապարհին չմորթեն։ Չգիտեմ՝ մյուս շրջաններում՝ ոնց է կազմակերպվել, բայց մեր շրջանի ղեկավարն ասել էր՝ մինչև վերջին մարդը դուրս չգա, իրենք չեն շարժվելու։ Սպասել է՝ մինչև վերջին զինվորը պոստից դուրս գա, ու այդ ընթացքում ոչ մի մոխրաթաղցի, ոչ մի մարտակերտցի տեղից չի շարժվել։ Դուրս եմ եկել։ Բայց երանի՝ իմ կորցրածն իմ տունը լիներ։ Երկու-երեք անգամ տուն-տեղ եմ դրել։  Առաջին անգամ որ գնացել էի, ինը ամիս թուրքի ձեռն էր մնացել մեր տունը, աստիճաններին մեր նկարներն էր թափված, նորից տուն դրեցինք։ Սա էլ կորցրինք, բայց երանի իմ Հրայրի, իմ Արթուրի մազը չպակասեր»,- ասում է Ռոմելան։

Անկեղծանում է՝ գնացել է է Եռաբլուր ու չգիտեր՝ ինչ էր զգում՝ ուրա՞խ է, որ եկել է, թե՞ ոչ։ Հակասական հույզեր են։

«Ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը։ Ես նրանց լավ եմ ճանաչում, ես դրանց  հետ աշխատել եմ, ես դրանց խտրականությունը լավ գիտեմ։ Դեռ 1967թ․-ին , որ դեռ խաղաղ էր վիճակը, որ դեռ մանկապարտեզներում չէին ստորացնում մեր երեխեքին, որ հայ հարամ ա և այլն, երկու հայ՝ բրիգադիրն ու բանվորը չեն գտնում երեխուն, փնտրում են, գտնում են մորթած։ Թուրքը մորթել էր խաղողի այգում խայտառակ ձևով։ Դրանց հետ ի՞նչ ինտեգրվել։ Չէ, ես աշխատել եմ դրանց հետ։ Երեք տարի Բաքու ապրել ենք, ամուսինս ասեց՝ էլ չի կարողանում ապրել էնտեղ, թողել, էկել ենք գյուղ»,- ասում է Ռոմելան՝ հավելելով, որ ոչ մեկ չի ինտեգրվի։

Հիշում է, թե ինչպես են դուրս եկել Արցախից, ճանապարհին ինչպես էին ադրբեջանցիները ծաղրում ու ծիծաղում, իսկ ինքը ձեռքերով փակել էր դեմքը, որ միայն չտեսնի ադրբեջանցի զինվորականներին։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Հասմիկ Սարգսյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել