16-ամյա Լինա Յուզբաշյանը տարհանվել է Մարտու շրջանի Կաղարծի գյուղից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում աղջիկը պատմել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ դպրոցում է եղել։
Հարձակումից մի քանի ժամ առաջ դասղեկը նրանց զգուշացրել է, որ սահմանին իրավիճակը լարված է, պետք է զգույշ լինեն ու խուճապի չմատնվեն։
«Չէինք հավատում, բայց 2 ժամ անց սկսվեց պատերազմը։ Դասարանում նստած էինք, ուրախացել էինք, որ շուտով տուն ենք գնալու, բայց հարձակումը սկսվեց, դասը կիսատ մնաց։ Բոլորս արագ հավաքվեցինք, ոմանց պայուսակները մնացին դասարանում, շտապեցինք նկուղ։ Ոմանց ծնողներ հասցրեցին գալ, իրենց երեխաներին տանել։ Ամեն անգամ մտքիս առաջ են գալիս այդ պահերը»,-նշում է Լինան։
16-ամյա աղջիկը նշեց, որ Ստեփանակերտում իր միակ հարազատը քույրն է, շտապել է նրա մոտ։ Մայրն ու հայրը Կաղարծի գյուղում էին, շուտով նրանք էլ միացան դուստրերին ու ճանապարհվեցին Հայաստան, հաստատվեցին Արզնիի առողջարաններից մեկում։
«Ամենասարսափելի դրվագը բոլոր արցախահայերի համար իրենց հողատարածքով, բայց թշնամու միջով անցնելն էր։ Սեպտեմբերի 26-ին բռնի ուժով տեղահանվեցինք Արցախից, շուրջ 3 օր ճամփա գալուց հետո հասանք Հայաստան։ Թե ինչքան ատելություն կար այդ պահին բոլոր արցախահայերի մեջ կուտակված, ոչ ոք չի կարող պատկերացնել, բացի արցախահայերից։ Թե ինչպիսի հայացքով էին մեզ նայում, քմծիծաղ էր նրանց դեմքին, ոչ ոք չի կարող դա պատկերացնել։ Այդ թշնամական հայացքը, որով նայում էին մեզ, սարսափելի դրվագ էր, որը խորը հետք թողեց բոլորիս սրտի մեջ»,-պատմում է Լինան ու հիշում իր զգացողությունները, երբ լիքը խանութներ է տեսել Գորիսում։
Նա սկսում է լաց լինել, երբ հիշում է, թե ինչ պայմաններում էին Արցախում ապրում նախորդող 9 ամիսներին․ «Միաժամանակ ուրախ էին, որ գտնվում ենք մեր հողում։ Ես այժմ երանի եմ տալիս այդ օրերին, որովհետև գտնվում էինք Արցախում»։
Հայրենիքը լքելիս կարողացել է մի բուռ հող հետը բերել և շրջափակման օրերին գրված տարբեր հեղինակային ստեղծագործություններ։ Դրանցից մեկով Լինան կիսվեց, այն Արցախի բարբառով է գրված։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։