Մոսկվայի մարզի Իստրա թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է դանակահարված 2 մարդու դի, ձերբակալվել է սպանության կասկածյալը․ հաղորդում է մարզային քննչական վարչությունը Telegram ալիքում։
«Կրյուկովո գյուղի մասնավոր տանը թոշակառուի և նրա 30-ամյա թոռան դանակահարված դիերը հայտնաբերելուց հետո քրեական գործ է հարուցվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Գործը հարուցվել է «Երկու անձի սպանություն» հոդվածով։ Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել հարազատներից մեկը։
Սպանվածները ՍՍՀՄ նախկին փոխվարչապետ, ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանի թոռան՝ ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչն են։
Ըստ Mash-ի և 112-ի՝ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել մահացածի եղբայրը՝ 39-ամյա Ռոման Միկոյանը։ Baza-ն գրում է, որ սպանությունից հետո ինքն է ոստիկանություն զանգել։ Ըստ աղբյուրների՝ հանցագործության դրդապատճառը կարող էր լինել հարազատների միջև ծագած գույքային վեճը։