«Մայրս դանակով վրաս վազեց, ուզում էր սպանել ինձ․ մտածում էր՝ դուռն ադրբեջանցիներ են թակում»․ Արցախից բռնի տեղահանված կինը հիշում է Սումգայիթի ջարդերը

Վեներա Ավետիսյանը ծնվել է Սումգայիթում, մոր հետ միասին ստիպված է եղել փախչել այնտեղից, երբ քաղաքում սկսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված հայ ազգաբնակչության եղեռնն ու զանգվածային տեղահանությունները։ 1988 թվականին մոր հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, թե ինչ դժվարությունների միջով են անցել Ադրբեջանից փախչելիս և Արցախում հաստատվելիս։

Մայրը հորդորել է Վեներային խոսել միայն ադրբեջաներեն, որպեսզի ադրբեջանցիները նրանց ձեռք չտան։

«Ես այն ժամանակ 14 տարեկան էի, ամբողջությամբ չէի հասկանում, թե ինչի համար է այդ ամենը տեղի ունենում, ինչի համար են սպանում հայերին։ Երբ եկա Ստեփանակերտ, սկսեցի ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, իմացա 1915 թվականի մասին։ Սումգայիթում մենք ԽՍՀՄ պատմությունն էինք ուսումնասիրում, այդ ամենի մասին նշված չէր։ Ես եկա, սկսեցի ուսումնասիրել, տեսա, որ մեր հինավուրց ժողովուրդը տանջված է, դարերով տանջվել է»,-նշում է նա։

Ստեփանակերտում նրանց ջերմ են ընդունել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Վեներան կորցրել է իր միակ եղբորը։ Այնուհետև ավարտել է դպրոցը, ընդունվել է համալսարան։ Սկզբում Արցախի ԱԳՆ-ում է աշխատել, այնուհետև սկսել է ծառայել Պաշտպանության բանակում՝ ֆինանսական գծով։

«Մինչև վերջին պահը ես չէի ուզում դուրս գալ Ստեփանակերտից։ Ինձ ամուսինս, երեխաներս են ստիպել դուրս գալ։ Հետո հիշեցի Սումգայիթի ջարդերը, տղամարդկանցից մեկի ականջներն էին կտրել։ Ջարդերի թեժ օրերին, հիշում եմ, երբ մեր տան դուռը ծեծեցին, մայրս մտածեց՝ ադրբեջանցիներն են։ Նա դանակը վերցրեց ու իմ կողմ վազեց, ուզում էր սպանել ինձ։ Հիմա եմ հասկանում։ Երբ դռան մյուս կողմից ասացին, որ ՌԴ զորքերն են, Գարբաչովն է մեզ ուղարկել, որպեսզի ձեզ մեկուսացնենք, այդ ժամանակ մայրս դանակը վայր դրեց, համբուրեց ինձ, բացեց դուռը։ Ես հետո հասկացա, որ նա ուզում էր ինձ սպանել, որպեսզի ես ադրբեջանցիների ձեռքում չհայտնվեմ, ընդամենը 14 տարեկան էի»,-պատմում է Վեներան։

Սեպտեմբերի 19-ի և 20-ի գնդակոծության ժամանակ արկերից մեկն ընկել է իրենց տան բակ։ Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանցիների հանդիպել է միայն Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետում։ Ստուգել են մեքենան ու բաց թողել․ «Նրանք շատ են փոխվել, դրանք այն ադրբեջանցիները չեն, որոնց ես գիտեի 1988-ին»։

Վեներան Արցախում է թողել իր տունը, բնակարանը, ունեցվածքը։ Բայց ասում է, որ այդ ամենը չարժի մարդկային կյանքեր․ «Իմ երեխաները, թոռները կողքիս են, դրանով ես բավարարվում եմ։ Միայն թե խաղաղություն լինի»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել