Գազայի հատվածում ավելի քան հազար մարդ անհետ կորել է իսրայելական հրետակոծության հետեւանքով շենքերի փլուզումից հետո։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի քան հազար մարդ անհետ կորել է Գազայի հատվածում ավերված շենքերի փլատակների տակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ կրակոցների տակ հայտնված բնակելի թաղամասերում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան հայտնել էր, որ Գազայի հատվածում փրկարարները չեն կարողացել փլատակների տակից հանել ռմբակոծությունների արդյունքում զոհվածների մարմինները՝ հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ավերվել է ավելի քան 1,3 հազար շինություն, որը պարունակում է ավելի քան 5,5 հազար բնակելի միավոր, ևս 3,7 հազար շինություն լրջորեն վնասվել է։