Ստորագրվել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի սոցիալական ցանցի էջից։
«Ներկա եմ գտնվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետին ստորագրել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը:
Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ տարածքային և շենքային պայմանների, մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու հարմարավետության տեսանկյունից ժամանակակից մաքսային ենթակառուցվածք։
Կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայում որդեգրված` ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը»,- ասված է Հակոբյանի հայտարարությունում։