Սեպտեմբերի 20-ին Ֆրանկֆուրտից Երևան մեկնող Lufthansa ավիաընկերության LH1560 չվերթի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Վիեննայում։
Iravaban.net–ի հետ կապ հաստատած ուղևորների փոխանցմամբ, ներկայումս տասնյակ հայ ուղևորներ անորոշության մեջ սպասում են Վիեննայի միջազգային օդանավակայանում: Ուղևորների փոխանցմամբ, դեռևս պարզ չէ, թե ինչ եղանակով են նրանք շարունակելու իրենց ճանապարհը դեպի Երևան։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ուղևորներից շատերը ֆինանսական միջոցների և Շենգեն վիզայի խնդիրներ ունեն: Վիեննայի օդանավակայանի վարչակազմը ուղևորներին առայժմ տրամադրել է միայն խմելու ջուր, բարձեր և վերմակներ, սակայն չի առաջարկել կացարան կամ տեղափոխության այլընտրանքային տարբերակներ:
«Մենք արդեն 6 ժամից ավելի է, ինչ գտնվում ենք օդանավակայանում, և ոչ ոք մեզ հստակ տեղեկություն չի տրամադրում: Շատերը չունեն Շենգեն վիզա և չեն կարող դուրս գալ օդանավակայանից, իսկ ոմանք բավարար գումար չունեն այլընտրանքային չվերթի տոմս գնելու համար», – նշեց ուղևորներից մեկը:
«Զվարթնոց» օդանավակայանից Iravaban.net–ը տեղեկացավ, որ չվերթը պաշտոնապես չեղարկվել է, սակայն այլընտրանքային չվերթի մասին տեղեկություն դեռևս չկա:
Դեռևս հայտնի չէ, թե ավիաընկերությունն ինչ քայլեր է ձեռնարկելու ուղևորների տեղափոխությունն ապահովելու ուղղությամբ: Ըստ ուղևորների՝ Lufthansa-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:
Հետևեք մեր թարմացումներին:
Թարմացում – 1 (11:11): Վիեննայի օդանավակայանում քիչ առաջ կազմակերպվել է չվերթի ուղևորների նախաճաշը։ Վիեննայի օդանավակայանում գտնվող ուղևորներից մեկը տեղեկացրեց Iravaban.net-ին, որ Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են նրանց, որ ժամը 16:30-ին ուղևորները տեղափոխվելու են հետ՝ Ֆրանկֆուրտ: «Հենց նոր ասացին, որ 16:30 թռնում ենք հետ Ֆրանկֆուրտ, հետո այնտեղ պարզ կլինի», – փոխանցեց ուղևորը: Ըստ ուղևորի ներկայացմամաբ նաև պարզվել է, որ անսարք ինքնաթիռը վայրէջք է կատարել Վիեննայում, այլ ոչ թե Գերմանիայում, քանի որ գիշերը Գերմանիայի օդանավակայանները փակ են:
Թարմացում – 2 (16:00): Ըստ մեր զրուցակից ուղևորի Ֆրանկֆուրտ-Երևան դեռևս չկայացած չվերթի մի շարք ուղևորներ Երևան էին գալիս ԱՄՆ-ից և Բրազիլիայից, որպեսզի մի քանի օր մնային Երևանում և հետո մեկնեին այլ երկրներ: Փաստացի նրանք կորցնում են հազարավոր դոլարներ։ Ըստ մեր զրուցակցի, հատկապես հուզիչ է մի կնոջ պատմությունը, ով Մյունխենից ուղևորվում էր ՌԴ Նովորոսիյսկ քաղաք, որտեղ երեքշաբթի պետք է հուղարկավորեն իր հորը։ Նա փաստացի արդեն կորցրել է Երևան-Սոչի, Սոչի-Գելենջիկ, Գելենջիկ-Նովորոսիյսկ տոմսերը և սարսափում է, որ չի հասցնի վերջին հրաժեշտը տալ իր հորը։
Թարմացում – 3 (08:11): Ըստ մեր զրուցակից ուղևորի Ֆրանկֆուրտ-Երևան չկայացած չվերթի ուղևորներին բաժանել են շենգենյան բազմակի մուտքի վիզա ունեցող և չունեցող խմբերի, նրանց երկար սպասեցրել են, այնուհետև նոր ավիոտոմսեր տվել տարբեր ուղղություններով Երևան ժամանելու։ Նրանք, ովքեր ունեցել են շենքենյան բազմակի մուտքի վիզաներ երկար բյուրակրատական քաշքշուկներից և սպասեցնելուց հետո տեղավորել Վիենայի հյուրանոցներում։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց նույնպես տեղավորել են Վիենայի հյուրանոցների մեկում և տվել են ավիոտոմս Վիենա-Փարիզ-Երևան ուղղությամբ։ Ներկայումս այս պահին իրենք Վիենայի օդանավակայանից պատրաստվում են մեկնել Փարիզ, որտեղ 7-8 ժամ սպասելուց հետո հույս ունեն վերադառնալ Երևան։ Մի շարք ուղևորների թույլ չեն տվել դուրս գալ Վիենայի օդանավակայանից՝ շենգենյան բազմակի մուտքի վիզաներ չունենալու պատճառով։ Նշենք նաև, որ ուղևորները զրկված իրեն ճամպրուկները ստանալու հնարավորությունից, որը ստեղծել է լրացուցիչ մի շարք անհարմարություներ նրանց համար։