Վարձակալության պայմանագիր․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կողմ

Ի՞նչ է վարձակալության պայմանագիրը

Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալին ժամանակավոր հանձնել գույքը՝ օգտագործման կամ տիրապետման նպատակով։ Գործարքի արդյունքում վարձակալը կարող է վարձակալած գույքի պտուղները, արտադրանքը կամ եկամուտները պահել, եթե պայմանագրով այլ կերպ չի նախատեսված։

Ո՞ր գույքներն են վարձակալության ենթակա

Վարձակալության օբյեկտ կարող են լինել՝

  • հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ,
  • շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ
  • չսպառվող գույք։

Պայմանագրում պարտադիր պետք է նշվեն տվյալներ, որոնք հստակ սահմանեն վարձակալության օբյեկտը, հակառակ դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված։

  • Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:

Վարձատուն ու լիազորություններն

Վարձակալության իրավունքը պատկանում է սեփականատիրոջը կամ նրա լիազորված անձին։ Վարձատուն իրավունք ունի վարձակալին տրամադրել գույքը միայն իր սեփականության կամ լիազորության շրջանակներում։

Պայմանագրի ձևն ու վավերացումը

  • Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր,
  • Անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ նոտարական վավերացում է անհրաժեշտ,
  • Եթե վարձակալությունը նախատեսում է հետագայում գույքի սեփականության փոխանցում, կիրառվում է առուվաճառքի պայմանագրի ձևը։

Պետական գրանցում

Անշարժ գույքի վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով նախատեսված կարգով։

Վարձակալության պայմանագրի ժամկետը

  • Պայմանագիրը կնքվում է որոշված ժամկետով,
  • Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Օրենքով կարող են սահմանվել առավելագույն ժամկետներ որոշ գույքի տեսակների համար, ու ցանկացած գերազանցում համարվում է օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետի համարժեք։

Գույքը տրամադրելու պարտականություններ

  • Վարձատուն պարտավոր է գույքը տրամադրել՝ պայմանագրի պայմաններին և նշանակությանը համապատասխան վիճակում,
  • Գույքի հետ պետք է հանձնել նաև բոլոր պատկանելիքները և փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն),
  • Եթե վարձակալին չեն տրամադրվել անհրաժեշտ փաստաթղթերը կամ պատկանելիքները, նա իրավունք ունի պահանջելու դրանց տրամադրումը կամ պայմանագիրը լուծելու և հատուցման պահանջ ներկայացնելու։

Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար

Վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին:

Այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի`

  • վարձատուից պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ համաչափորեն իջեցնելու վարձավճարը, կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը.
  • վարձատուին նախապես տեղեկացնելով` վարձավճարից պահել տվյալ թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերի գումարը.
  • պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:
  • Վարձակալի պահանջների կամ վարձատուի հաշվին գույքի թերությունները վերացնելու նրա մտադրության մասին ծանուցված վարձատուն կարող է վարձակալին հանձնված գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման գույքով կամ անհատույց վերացնել գույքի թերությունները:
  • Եթե վարձակալի պահանջները բավարարելը կամ վարձավճարի հաշվին թերությունները վերացնելու համար նրա կատարած ծախսերը պահելը չի ծածկում վարձակալին պատճառված վնասները, նա իրավունք ունի պահանջել հատուցելու վնասների չծածկված մասը:
  • Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի այն թերությունների համար, որոնք նա նշել է պայմանագիրը կնքելիս, կա’մ նախապես հայտնի են եղել վարձակալին, կա’մ պետք է վարձակալի կողմից հայտնաբերվեին գույքը զննելիս կա’մ պայմանագիր կնքելիս, կա’մ գույքը վարձակալության հանձնելիս դրա սարքինությունն ստուգելիս:

Կարևոր է իմանալՎարձակալության պայմանագիրը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները, օգնում կանխարգելել վեճերը և ապահովում օգտագործվող գույքի պաշտպանությունը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել