Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքը ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը

Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային Ժողովից։

«Հարգելի՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին: Արդեն չորրորդ անգամն է՝ մենք հյուրընկալում ենք այս կարեւոր միջոցառումը: 1991 թվականից ի վեր Ռոուզ-Ռոթ սեմինարի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային
անվտանգությանը, զինված ուժերի եւ պաշտպանության, զինվորականների նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցեր: Սեմինարի խորագիրը՝ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» ինքնին խոսուն է: Այն մեզ հիշեցնում է, որ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս: Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ:
Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարեւանների հետ խաղաղ ապրելու ձգտումներին: Հայաստան-ՆԱՏՕ կապերը սկիզբ են առել ավելի քան երեսուն տարի առաջ: Մեր երկիրը մշտապես կարեւորել է դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
Հայաստանի հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, եւ մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը: Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն իրականացվում են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հետ գործընկերությամբ, որը սկսվել է 2002 թվականին, երբ մեր Ազգային ժողովը դարձավ ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցացված անդամ:

Հարգելի՛ գործընկերներ, կուզեի հակիրճ ներկայացնել վերջին զարգացումները Հարավային Կովկասում:

Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը եւ մտել ուժի մեջ: Հանձնաժողովների կողմից մինչ այդ սահմանազատվել եւ սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը, եւ հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի:
2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նապատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն էր՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի եւ ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում:
Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային եւ տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը եւ Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի ու հարավի միջեւ: Այս տարվա օգոստոսի 8-ին, այդ թվում՝ այս համատեքստում, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ եւ վկայությամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին: Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը: Սա պատմական քայլ էր դեպի կայուն եւ երկարատեւ խաղաղություն մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ նաեւ պարոն Մուրադովի ներկայությունն այստեղ եւս մեկ առհավատչյա է դրա, ինչը, բնականաբար, ողջունում ենք: Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Հռչակագիրը կարեւորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության, կայունության եւ բարօրության: Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի «Միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի» (TRIPP) հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում: Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է. այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ամբողջ տարածաշրջանին:

Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա: Մեր պարտքն է՝ չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, եւ մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական
հարաբերություններ, չպետք է բաց թողնվի: Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարօրություն մեր տարածաշրջանում, այլեւ կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատեւ հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության ու դիվանագիտության միջոցով: Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ: Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր:

Հարգելի՛ գործընկերներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բեւեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար: Ներկայում մենք աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ: Քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարեւանների հետ եւ բարիդրացիական հարաբերություններ ու
համագործակցություն բոլոր կողմերի հետ: Հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաեւ Եվրամիության հետ: Այդ նպատակով 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նախագիծն Ազգային ժողով էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Ես վստահ եմ, որ մեր այսօրվա եւ վաղվա քննարկումները լինելու են կառուցողական ու արժեքավոր: Ձեզ մաղթում եմ հաճելի ժամանց Երեւանում՝ քաղաք, որն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ջերմ հյուրասիրությունը:
Շնորհակալություն»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ելույթը կարող եք դիտել այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել