Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նշել.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություն, պարոնա՛յք դեսպաններ,
Հարգարժա՛ն խորհրդարանականներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, որտեղ այս տարի կրկին պատիվ ունենք հյուրընկալելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարը: Ավելի քան երեք տասնամյակ առաջ ձեւավորված այս կարեւոր հարթակը ծառայել է ժողովրդավարական պետությունների միջեւ վստահության ամրապնդմանը, անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ համապարփակ քննարկումներին: Առաջիկա օրերին մենք բացառիկ հնարավորություն ունենք շարունակելու այդ արժեքավոր երկխոսությունը:
Հայաստանում վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարն անցկացվել է 2015 թվականին: Այսօր՝ 10 տարի անց, մենք կրկին միավորվել ենք նույն արժեքների՝ խաղաղության, կայունության եւ համագործակցության շուրջ: Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ եւ բազմաշերտ զարգացումները, առավել քան երբեւէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման եւ քաղաքական կամքի դրսեւորման կարիք:
Հետեւաբար, նպատակային է նաեւ այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը.
-
խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ,
-
տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը,
-
ժողովրդավարության դիմակայունությունը,
-
հիբրիդային սպառնալիքները եւ ապատեղեկատվությունը,
-
տարածաշրջանային տնտեսական համագործակցություն:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվեց համատեղ հռչակագիր: Այս փաստաթղթով նոր էջ բացվեց Հարավային Կովկասի պատմության մեջ, ամրագրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլեւ տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորություն:
Այս համատեքստում Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականը ներդաշնակվում է հռչակագրի դրույթներին՝ առաջարկելով տրանսպորտային եւ ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածություն ու վստահություն: Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ վերափոխելու տարածաշրջանային քաղաքական միջավայրը, տնտեսական համագործակցության, առեւտրի եւ մշակութային փոխանակումների միջոցով ամրապնդելու խաղաղությունը:
Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձեւավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով եւ մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլեւ միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում:
Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, իսկ 2006 թվականից գործընկերային հարաբերությունները եւ տարբեր բնագավառներում համագործակցությունն իրականացվում են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողություններ» ծրագրի շրջանակում: Ներկայումս քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերություն» ծրագրի հաստատման ուղղությամբ:
Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը ներառում է ռազմավարական մի շարք ուղղություններ՝ պաշտպանական եւ անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ռազմակրթական փոխանակումներ եւ մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններ:
Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության վրա: Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես պաշտպանական, այլեւ՝ համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը եւ ինստիտուցիոնալ դիմակայունությանը:
Այս հարաբերությունները հատկապես մեծ կարեւորություն են ստանում այսօրվա բազմաբեւեռ, անկանխատեսելի եւ հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության եւ կայուն զարգացման կարեւոր հենասյուն:
Համընդհանուր արժեքներին հավատարիմ լինելուց զատ, վստահ ենք, կարեւոր է նաեւ ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքը: Այս առումով, հատկապես, կարեւորում ենք հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ տեղեկատվական միջավայրում տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ ակտիվ պայքարը:
Հայաստանը բախվում է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը, որն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային եւ պետական քաղաքականության տապալմանը:
Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարեւորում ենք ոչ միայն հասարակական իրազեկվածության, թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, այլեւ՝ քաղաքացիական պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության ոլորտներում միջազգային փորձի փոխանակումը:
Նշածս մարտահրավերների համատեքստում ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ այս տարվա մայիսին Դեյթոնում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում հստակ ընդգծվեց, որ հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվությունը եւ կիբեռհարձակումներն այլեւս ուղեկցող երեւույթներ չեն, այլ՝ հիմնարար սպառնալիքներ ազգային եւ միջազգային անվտանգությանը: Հետեւաբար, Հայաստանի մասնակցությունն այդ սպառնալիքների չեզոքացմանը ոչ միայն արդիական է, այլեւ՝ կենսական:
Ժողովրդավարական կայունության կարեւոր նախապայմաններից է քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Այն պետության անվտանգության քաղաքականության նկատմամբ հանրային վստահության բարձրացման կարեւոր միջոց է, միաժամանակ նպաստում է ուժային կառույցների՝ օրենքին եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան գործելուն:
Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության ու հաշվետվողականության մարտահրավերները շատ են՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով, ինչը բնական է ազգային անվտանգության նկատառումների տեսանկյունից: Անշուշտ, այս հանգամանքը չպետք է վերածվի հաշվետվողականության բացակայության. մեր օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքացիական վերահսկողության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմներին, անվտանգության եւ հանրային վերահսկողության իրավունքի համատեղմանը, խորհրդարանականների, հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագիտական համայնքի դերին, այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների փորձին:
Հուսով եմ՝ մեր առաջիկա քննարկումների ընթացքում կծնվեն արժեքավոր դիտարկումներ եւ գործնական առաջարկություններ, որոնք կօգնեն Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը, այլեւ՝ բարձրացնել անվտանգության ոլորտում քաղաքական որոշումների որակն ու վստահելիությունը:
Հարգելի’ գործընկերներ,
Տարածաշրջանային տնտեսական համագործակցության եւ անվտանգության փոխկապակցվածությունը եւս առաջիկա քննարկումների կարեւոր բաղադրիչն է: Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է եւ պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա: Ինչպես արդեն նշեցի, այս սկզբունքն ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականի հիմքում:
Այս նպատակով անհրաժեշտ է փոխադարձ վստահության մեխանիզմներ մշակել, բաց պահել երկխոսության ուղիները եւ աջակցել կայունությանն ուղղված նախաձեռնություններին:
Վստահ եմ, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը ոչ միայն կխթանի փորձի փոխանակումը, այլեւ կնպաստի ռազմավարական կապերի խորացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Դաշինքի երկարամյա փորձը, տեսլականը եւ հանձնառությունը խաղաղության ու անվտանգության ապահովման հարցերում կենսական նշանակություն ունեն այսօրվա Հայաստանի համար:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին եւ բոլոր կազմակերպիչներին այս կարեւոր միջոցառումը կյանքի կոչելու համար:
Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք, խորքային քննարկումներ եւ համատեղ լուծումներ՝ հանուն խաղաղ, կայունության եւ զարգացող Հարավային Կովկասի:
Շնորհակալություն»:
Տեսանյութը այստեղ։