Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր պաշտպանությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Կատրին Կոլոննան հավելել է, որ առայժմ նպատակահարմար չի համարում այդ հարցի շուրջ հավելյալ մանրամասներ հայտնել։
«Նաև դիմել եմ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ առաջարկելով ներառել Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչպես դա արվում է Մոլդովայի համար։ Մեր նպատակն է նաև, որ ԵՄ և նրա անդամները Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ կապված՝ նույնպիսի հստակ ազդակներ տան, ինչպես Ֆրանսիան է տալիս․ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, պետք է շատ հստակ արձագանքի արժանանա»,- հավելել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Կատրին Կոլոննայի հիշատակած պայմանագիրը Ֆրանսիայի կողմից Հայաստանի պաշտպանական հնարավորություններին աջակցության մասին է։
«Ֆրանսիան երբեք մեզանից չի պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից»,- ասել է Միրզոյանը։