«Ես հանգիստ խղճով եմ թողնում իմ պաշտոնը». Ռուբեն Սահակյան

Հայաստանի փաստաբանների պալատի նորընտիր նախագահի լիազորությունների ստանձման արարողության ժամանակ ՓՊ առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը խնդրեց իր հանդեպ ներողամիտ լինել, քանի որ ՓՊ նախագահի պաշտոնում սխալներ էլ է գործել:

«Ամեն դեպքում ես երբեմն եղել եմ կոպիտ, պոռթկացել եմ, կարծր եմ եղել, բայց սրտումս ոչինչ չի մնացել, հավատացեք: Ես հանգիստ խղճով եմ թողնում իմ պաշտոնը. ուրախությամբ այն հանձնում եմ Պալատի նորընտիր նախագահին»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի անդամներին, նույն հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանին Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները հաջող կազմակերպելու և անցկացնելու համար. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) բավականին բարձ գնահատական է տվել ընտրություններին:

«Ես սրտանց շնորհավորում եմ Արա Զոհրաբյանին իր լիազորությունների ստանձման կապակցությամբ: Համոզված եմ, որ նոր նախագահի գալստյամբ փաստաբանական համայնքը միայն ու միայն դրական փոփոխություններ կունենա: Այդ փոփոխությունները, ես համոզված են, Դուք կզգաք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որովհետև նա աշխատանքները սկսել է դեռևս ընտրման  օրվանից, ոչ թե այսօրվանից»,- նշեց ՓՊ առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը:

Վերջինս բոլորին կոչ արեց հավատով լցվել և հավատալ Արա Զոհրաբյանին. «Անձամբ ես իմ աջակցությունը ցուցաբերելու եմ, բազմիցս ասել եմ»: Վերջում Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետ վերջին 8 տարիներին աշխատել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քվեարկության իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրություններին մասնակցած 913 փաստաբաններից  713-ն իրենց ձայնը տվել էին Արա Զոհրաբյանին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել