Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
Իրենց տները զանգվածային արտագաղթի արդյունքում լքող հազարավոր ղարաբաղցի հայերի լուսանկարների հայտնվելու հետ միասին, Արևմուտքում ոմանք սկսում են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները վերանայել:
Հմուտ դիվանագիտության և լոբբինգի համակցման միջոցով ռեսուրսներով հարուստ այս երկիրը տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունում և ԵՄ-ում ներկայացվել է՝ որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց:
Սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակում սկսելով և տարածաշրջանից փախստականների հոսք առաջացնելու պատճառով հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը:
«Ճգնաժամը և մարդկային տառապանքը հնարավոր էր և պետք էր կանխել։ Մեզ համար ավելի դժվար կլինի Ադրբեջանի հետ սովորականի նման աշխատել շարունակելը», – ասել է Բաքվում արևմտյան բարձրաստիճան դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները «անզուսպ են»։
«Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո, Բրյուսելում և Վաշինգտոնում շատերն իրենց ցնցված և խաբված են զգում», – ասում է «Կարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով՝ արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների անգործությունը հուշում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք է բերվել կողմնային գործարք/պայմանավորվածություն, որով երկուսն էլ կռիվների համար մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա արևմտամետ հայացքները։
«Արևմուտքը, չնայած հակամարտությունը լուծելու երկարատև ջանքերին, մարգինալացված է։ Երկար ժամանակ Ադրբեջանը հմտորեն իր արժեքներն պրոյեկտել և հրամցրել Արևմուտքին։ Սակայն ներկայումս կարծես թե վերագնահատվում է, թե իրականում որքան կարևոր և վստահելի է Բաքուն», – ասում է Դե Վաալը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն տարիներ շարունակ Եվրոպայում ազդեցություն գնելու համար այսպես կոչված «խավիարային դիվանագիտություն է» կիրառում կանխիկ գումարներ ու նվերներ օգտագործելով: The Guardian-ն ավելի վաղ բացահայտել էր, թե ինչպես է Ադրբեջանը բրիտանական գաղտնի ընկերությունների ցանցի միջոցով երկրից դուրս հանել շուրջ 2,9 միլիարդ դոլար (2,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ)՝ Եվրոպայում աջակիցներին, լոբբիստներին և քաղաքական գործիչներին վճարելու, շքեղ ապրանքներ և ծառայություններ գնելու և ադրբեջանական էլիտայի համար փողեր լվանալու համար:
Ղարաբաղում տեղի ունեցած վերջին մարտական գործողություններից առաջ, թվում էր, թե Եվրոպան մոտենում էր Բաքվին, չնայած այդ երկրում առկա մարդու իրավունքների վատ վիճակին և 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վայրագություններ գործելու հավաստի ապացույցներին:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքու էր այցելել 2022 թվականին, քանի որ ԵՄ-ն ձգտում էր նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգիայից՝ Ադրբեջանին «կարևոր» և «հուսալի» էներգիա մատակարարող անվանելով: Նա հայտարարեց մինչև 2027 թվականը ԵՄ-ից ադրբեջանական գազի գնումները կրկնապատկելու համաձայնագրի մասին, սակայն չհիշատակեց երկրի մարդու իրավունքների վիճակի կամ Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
Անցյալ շաբաթվա ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը շարունակեց իր գաղափարները քարոզել արևմտյան շահագրգիռ կողմերի շրջանում: Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը Լոնդոնի Մեյֆեյր թաղամասում կազմակերպել է կլոր սեղան նվիրված Ադրբեջանի դերին՝ որպես «կարևոր ցամաքային կամուրջ, որը կարող է կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ» և «Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը» թեմայով:
Սակայն որոշ դիտորդներ ասում են, որ Բաքուն խիստ ուռճացրել է Եվրոպայի կախվածությունը ադրբեջանական էներգիայից:
«Այն գաղափարը, որ Ադրբեջանը առանցքային դեր է խաղում եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ, դարձել է արևմտյան տերությունների կողմից չմիջամտելու ևս մեկ արդարացում», – հավելել է Հեսը:
2022 թվականին Ադրբեջանից գազի մատակարարումները կազմել է ԵՄ ներմուծման ընդհանուր ծավալի 3%-ը, մինչդեռ Մոսկվան շարունակում է մատակարարել մայրցամաքի գազի կարիքների մինչև 15%-ը։
«Եվրամիության գազային համաձայնագիրը դժվար թե ապահովի խոստացված գազի մեծ ծավալները, ամեն դեպքում, դա նվազող ակտիվ է կանաչ տնտեսությանն անցնելու համար», – ասել է դե Վաալը:
Արևմտյան որոշ պաշտոնյաներ քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը Լեռնային Ղարաբաղում նրա գործողություններից հետո: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերն ասել է, որ ղարաբաղյան հայերին իրենց տներից վտարելու փորձեր լինելու դեպքում ԵՄ-ն պետք է լուրջ պատժամիջոցներ կիրառի:
Հայկական սահմանամերձ Գորիս քաղաք կատարած այցի ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել Ադրբեջանի համար, նույնպես ակնարկեց հնարավոր պատժամիջոցների մասին՝ ասելով, որ «մի շարք տարբերակներ են քննարկվում»՝։
Հեսսն ասել է, որ միջազգային հանրության համար կենսականորեն անհրաժեշտ է միջամտել և կանխել տարածաշրջանում հետագա հակամարտությունները և տեղահանումները:
«Միջազգային հանրության պետք է շտապ դադարեցնի էներգետիկ անվտանգության մասին առասպելների հետևում թաքնվելը և ուշացումով պարտավորվի անել այն, ինչ անհրաժեշտ է հետագա հակամարտությունը կանխելու համար», – ասաց նա: