Արցախից բռնի տեղահանվածները Հայաստան են մուտք գործում

Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։

Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։

Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։


Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ՝ հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հրթիռարետանային հարվածներ հասցվեցին նաև Ստեփանակերտին։

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, համաձայն որի՝

1. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:

2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների կազմալուծման, ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով:

3. Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում բանակցություններ ընթացան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել