Փաստաբանները պնդում են, որ Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ապացուցման բեռն ամբողջությամբ պետք է դրվի հայցվոր կողմի վրա

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կայացավ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց՝ հասել են ապացուցման բեռի բաշխման դատավարական փուլին։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատախազության անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայցվորը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան՝ Աննա Բադալյանին, գործով պատասխանող է ներգրավել և գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել։ Մինչև դատալսումների սկիզբն Աննա Բադալյանն անշարժ գույքերը օտարել է գործով որպես 3-րդ անձ ներգրավված Կարինե Մարգարյանին։ Այդ ընթացքում Գլխավոր դատախազության կողմից գույքերի վրա արգելանք էր դրվել և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր։ Դատախազը ենթադրում է, որ առք ու վաճառքի մտադրությունն իրականացնելու համար Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանն արհեստական ձևով դատական վեճ են հարուցել, որպեսզի կարողանան դատական ակտ ունենալ, որի միջոցով էլ Կարինե Մարգարյանը կկարողանար այդ անշարժ գույքերն իր անունով գրանցել։ Դատախազությունը նշված անշարժ գույքերի իրական սեփականատեր է դիտարկում Սեյրան Օհանյանին։

«Օգոստոսի վերջին վերաքննիչ բողոք ենք ներկայացրել։ Գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք։ Հանգամանքը կարևորում եմ, որովհետև մեր պահանջի հստակեցման տեսանկյունից սա էական նշանակություն ունի։ Բողոքարկում ենք առաջին ատյանի դատական ակտը, որի ուժով Կարինե Մարգարյանը դարձել է Նալբանդյան փողոցի շենքի 2 գույքերի սեփականատերը։ Մեր պահանջով՝ այդ գույքերը ենթակա են բռնագանձման»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ վճռի բեկանման դեպքում այդ գույքերը կրկին գրանցվելու են Աննա Բադալյանի անվամբ։

Կարապետ Բադալյանը ճշտեց՝ այս պահին հայցվորը գործը կասեցնելու միջնորդությո՞ւն է ուզում ներկայացնել, ինչին Գևորգ Քոչարյանը բացասական պատասխան տվեց․ «Ընդամենը ի գիտություն էի ուզում հայտնել, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել»։

Այս հայտարարությանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը։ Նրա խոսքով՝ հայցվորը վստահություն է հայտնում, որ իրենց բողոքը բավարարվելու է․ «Վստահությունն ինձ համար տարակուսելի է։ Եթե դատարանն անկախ արդարադատություն է իրականացնում, ապա ոչ ոք չի կարող նման վստահություն ունենալ»։

Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Բեգլարյանը, նույնպես մտահոգություն հայտնեց դատախազի այս հայտարարության վերաբերյալ․ «Սա մեծ կասկածի տակ է դնում դատական իշխանության անկախությունը, քանի որ պետության ներկայացուցիչը վստահաբար հնչեցնում է, որ բեկանվելու է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։

Գևորգ Քոչարյանը կողմերի ներկայացուցիչների համար պարզաբանեց․ նա չի ասել՝ վստահ է, որ ի օգուտ իրենց որոշում է կայացվելու․ «Նշել եմ՝ գրեթե վստահ եմ, որ բողոքը պետք է բավարարվի, որովհտետև մերժելու հիմք չկա։ Թե բեկանվելու դեպքում առաջին ատյանի դատարանում նոր քննության ընթացքում ինչ ելք կունենա գործը, ես դրա վերաբերյալ որևէ բան չասացի»։

Ապացուցման ենթական փաստերին անդրադառնալով դատախազը հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը պետք է ապացուցի ուսումնասիրության առկայությունը, դրա կատարված լինելը, արդյունքների վերաբերյալ ամփոփումը, դատարան հայցադիմում ներկայացնելու փաստը․ «Հայցվոր կողմը պետք է ապացուցի գույքերի պատկանելիությունը, ինչպես տիտղոսային, այնպես էլ օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող»։

Պատասխանող կողմի դիրքորոշումն այն է, որ հայցադիմումում նշված բոլոր փաստերի ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը․ «Պատասխանող կողմի վրա գույքի ծագման և դրամական միջոցների ոչ ապօրինի լինելը ապացուցելու բեռ չպետք է դրվի։ Սա սկզբունքային հարց է, բոլոր փաստերի ապացուցման բեռը պետք է դրվի հայցվոր կողմի վրա»։

Անահիտ Բեգլարյանն իր հերթին նշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցիչ, որ Կարինե Մարգարյանը բարեխիղճ ձեռքբերող չէ և Նալբանդյան փողոցի անշարժ գույքերի համար վճարներ չի կատարել, չի տիրապետել գույքին և չի տիրապետում։

Դատախազի նշեց, որ իր կարծիքով՝ վերաքննիչ բողոքի առկայությունը և գործով ելքի բացակայությունը խոչընդոտ են հանդիսանում հայցվորի պահանջի որոշակիացման և ապացուցման բեռի կրման տեսանկյունից․ «Բայց ցանկանում ենք հարցը թողնել դատարանի հայեցողությանը»։

Դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումը կկայացնի առանձին դատական ակտով։ Դրանից հետո Անահիտ Բեգլարյանը Կարինե Մարգարյանի կողմից տիրապետվող անշարժ գույքերի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը փոխելու մասին իր դիրքորոշումը ներկայացրեց։ 3-րդ անձի ներկայացուցիչը խնդրեց դատարանին թույլատրել նշված գույքերը վարձակալությամբ հանձնելու հնարավորություն ընձեռել նրանց։ Փաստաբանը կողմերին ներկայացրեց նաև վարձակալության պայմանագրի նախագիծը։ Դատախազն այն ուսումնասիրելուց հետո նշեց, որ դեմ չէ նշված պայմաններին և չի առարկում հայցի ապահովման միջոցը փոփոխելու դեմ․ «Նշված պայմանները ողջամիտ են»։

Անահիտ Բեգլարյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ համապատասխան միջնորդությունը ներկայացնելու համար։ Դատավորը նշեց, որ կողմը ժամանակով կաշկանդված չէ, քանի որ դատարանն ապացուցման պարտականության բաշխման որոշում պետք է կայացնի․ «Դուք ցանկացած ժամանակ կարող եք ներկայացնել միջնորդությունը։ Դատարանն այն օրենքով սահմանված կարգով քննության առարկա կդարձնի»։

Նիստից հետո Iravaban.net-ը զրուցել է Կարեն Մեժլումյանի հետ և հետաքրքրվել՝ ինչպե՞ս է վերջինս պնդում, որ ապացուցման բեռն ամբողջությամբ պետք է կրի հայցվորն այն դեպքում, երբ օրենքի տրամաբանություն այլ է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը ենթադրում է, որ ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը։

Կարեն Մեժլումյանը հայտարարեց․ կարծում է, որ օրենքի տրամաբանության մեջ առկա մոտեցումը հակասահմանադրական է։

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անձի վրա պարտականություն է դրվում ապացուցել որոշակի գույքի ծագման օրինականությունը, այն ժամանակահատվածի համար, երբ վերջինս հաշվետու չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել»,-նշեց փաստաբանը՝ մտավախություն հայտնելով, որ ցանկացած քաղաքացու վրա կարող են եկամուտի կամ գույքի ծագման օրինականությունն ապացուցելու պարտականություն դնել, սակայն նման ապացույցներ քաղաքացին հնարավոր է չունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ,
  • 477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել