Արդեն 243 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ իրենց հույսը չեն կորցնում։ Iravaban.net-ի զրուցակիցը արցախցի Աստղիկ Բաբայանն է։
20-ամյա Աստղիկը, ամիսներ առաջ կոտրած ոտքով, գրեթե ամեն օր շուրջ 20 կիլոմետր քայլում է աշխատավայր հասնելու համար։ Ասում է՝ ցավում է, բայց չի կարող չաշխատել։ Նա հասարակական կազմակերպություններից մեկում ծրագրերի համակարգող է։
Ընտանիքում 4 երեխան են, 4-ն էլ աղջիկ։ Աստղիկն ավագն է։ Միջնեկ քույրերն այժմ Երևանում են, մեկը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում է սովորում, մյուսն այս տարի ավարտեց դպրոցի 9-րդ դասարանը։ Շուրջ մեկ տարի է՝ քույրերը չեն հանդիպել։ Փոքրն Աստղիկի հետ Արցախում է։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի իր 11-ամյա քույրը հացի համար հերթերում հնարավորինս քիչ կանգնի։ Չի ուզում վատ հիշողություններ ունենա։
9-րդ դասարանում սովորող քրոջը խոստացել էր, որ Վերջին զանգի արարողությանն անպայման Երևան կգան, բայց չստացվեց։
Աստղիկն ամեն առավոտ մասնակցում է նաև հաց բաժանելու կամավորական աշխատանքներին։ Նա հաց է տանում մեծահասակներին, որոնք հնարավորություն չունեն ինքնուրույն հաց ձեռք բերելու։ Նրանք գրկում, համբուրում են կամավորներին։ Մեծահասակների մեջ շատ են այնպիսիները, որոնց հարազատները ապրում են շրջաններում, նրանցից հեռու ու հնարավորություն չունեն գալ մայրաքաղաք։
«Ուրախանում են, որ իրենց դուռը բացող կա»։
Աստղիկի տատիկն ու պապիկն էլ են իրենից հեռու, Մարտակերտում են ապրում, բավականին երկար ժամանակ է՝ նրանց չի հանդիպել։
Իրավիճակը Ստեփանակերտում ծանր է և գնալով ավելի է վատանում։ Հումանիտար օգնություն Արցախ այլևս չի մտնում, անգամ բուժառուներին «Կարմիր խաչի» միջոցով չեն կարողանում ժամանակին Հայաստան հասցնել։ Բացի Արցախ-Հայաստան կապից, խաթարված է նաև կոմունիկացիան մայրաքաղաքի և շրջանների հետ։ Թե՛ ներքաղաքային, թե՛ ներհամայնքային տրանսպորտը հուլիսի 25-ից այլևս չի գործում՝ վառելիքի բացակայության պայմաններում։
«Շրջանների հետ ընդհանրապես ոչ մի կապ չկա»։
Շատ երիտասարդներ են կամավորական աշխատանքներում ընդգրկված, ոնց ասում են՝ «դուխները տեղն է»։ Սակայն խնդիրներ կան, որոնց լուծման համար միայն ոգին բավարար չէ։ Կարողանում են ինքնակազմակերպվել, հատկապես երիտասարդները, սակայն նման պայմաններում ապրելը դժվար է ինչպես մեծահասակների, այնպես էլ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների համար։
«Ամեն ինչ շատ վատ է, և եթե այսպես շարունակվի՝ ավելի վատ կդառնա»։
Աստղիկը մեր հարցերին պատասխանում էր Ստեփանակերտի փողոցներով քայլելով, տուն գնալու ճանապարհին։ Նշում է, որ քաղաքը գնալով նմանվում է քաղաք-ուրվականի, երբեմնի մարդաշատ ու աշխույժ փողոցներից մեկը, Ազատամարտիկների փողոցն այսօր լուռ է։
Ասում է՝ մարդիկ հաճախ իմանալով Արցախի ծանր իրավիճակի մասին, առաջարկում են գումարով օգնել, սակայն փողն այժմ ոչ մի արժեք չունի։ Չկա մթերք, սնունդ, ապրանքներ, որ գումարով գնես։ Բացի այդ, քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր։
Աստղիկի մայրը հրուշակագործ է, սակայն վերջին շրջանում այլևս չի կարողանում աշխատել։ Նախկինում էլ մի կերպ էր ձուն ու շաքարավազը հայթայթում, վերջին շրջանում դա անհնար է դարձել։ Աստղիկն էլ աշխատում էր Արցախի արդարադատության նախարարությունում, սակայն աշխատակազմը դադարեցրել է աշխատանքները․ «Դվիժոկն աշխատացնելու համար այլևս վառելիք չկա»։
Աստղիկն անհանգստանում է․ շուտով պետք է դասերը սկսվեն համալսարանում, սակայն շրջաններում ապրողները հնարավորություն չեն ունենալու մայրաքաղաք գալ։ Կրթական հաստատություններում արդեն մտածում են, թե ինչպես պետք է կազմակերպեն դասերը ձմռանը՝ ջեռուցման բացակայության պայմաններում։
«Մտածում են 6-օրյա դարձնեն՝ դեկտեմբերի հավանական բացակայությունները լրացնելու համար»։
Բարդ է իրավիճակը նաև էլեկտրաէներգիայի և շարժական ինտերնետի հետ։ Նախկինում շարժական ինտերնետն էլեկտրաէներգիայի անջատման պայմաններում չէր աշխատում միայն մարզերում, վերջին մի քանի օրերին չի աշխատում նաև Ստեփանակերտում։
«Օրվա մեջ 6 ժամ, երբ լույս չի լինում, նաև աշխարհի հետ կապն է ընդհատվում»։
Բլոկադայի պայմաններում Աստղիկն անցել է «օնլայն» ապրելակերպի։ Հուլիսից նա Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներից է։ Նշում է, որ եթե հնարավորություն լիներ, անպայման կգար Երևան՝ դասերին անձամբ մասնակցելու համար։
«Հակակոռուպցիոն դպրոցի համար ես անպայման կգայի, ուղղակի իրավիճակը ինձ թույլ չտվեց»։
Մեր զրուցակիցը նշում է, որ անգամ այս պայմաններում Ադրբեջանի առաջարկած «ինտեգրացիայի» մասին անգամ մտածել չեն ուզում։ Արցախցիները կարդում, ուսումնասիրում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները, որտեղ ամբողջ օրը ծրագրում են, թե ինչ ձևերով, ինչ պայմաններում են հայերին ոչնչացնելու, ինչպես են սպանելու նրանց․ «Անգամ երեխաների սպանության վերաբերյալ են ստոր հրապարակումներ անում ու դրանից հետո իրենց երկրի ղեկավարությունը ինտեգրացիայի մասին է խոսում։ Դա հնարավոր չէ։ Դա չի լինելու»։
«Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում»։
Եվգենյա Համբարձումյան