Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ խորհրդի որոշումը։
Iravaban.net-ը մանրամասներ է ներկայացնում նշված որոշումից և դրանում ներկայացված հիմնավորումներից։
Գործի նյութերը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումը: Արդարադատության նախարարությունը հարուցված վարույթի մեջ նշել է, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի կողմից կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատավորը, Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային՝ միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ, ինչից հետևում է, որ Դատավորի բնորոշմամբ, եթե առկա է կոլեգիալ կազմով որևէ գործ քննող մարմնի կողմից ընդունված միաձայն որոշում, ապա դա չի կարող լինել տվյալ մարմնի անդամների սեփական և անկախ կարծիքի արտահայտման դրսևորում։ Նշվածը փաստում է Դատավորի հրապարակային կարծիքի մասին առ այն, որ Խորհրդի անդամներն իրենց որոշումները (դատական ակտերը) կայացնելիս անկախ և անաչառ չեն՝ կաշկանդված լինելով որոշակի ուղղորդումներով (կամ ցուցումներով)։
Դատավորը քննադատել է ԲԴԽ-ի՝ մեկ այլ գործով կայացրած որոշումը։ Այս տարվա ապրիլի 7-ին, դատավորների ընդհանուր ժողովի օրը, Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ ԲԴԽ-ում միշտ փոխհամաձայնեցում կա, ինչը նշանակում է, որ այն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Հարությունյանը քննադատել էր նաև դատավորների լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումները։
«․․․Դատավորն անօրինական է որակել դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը։ Այս առումով, ակնհայտ է, որ Դատավորի կողմից մեկ այլ դատարանի կողմից կայացված դատական ակտերի «անօրինական» որակումը, ակնհայտորեն և ուղղակիորեն, հրապարակայնորեն կասկածի տակ է դնում այդ դատարանի, տվյալ դեպքում՝ Խորհրդի կայացրած դատական ակտերը»,-նշվում է Արդարադատության նախարարության դիրքորոշման մեջ՝ հավելելով, որ դատավորի նման վարքագիծը վտանգում է դատական իշխանության հեղինակությունը և կարող է նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Բացի այդ, նախարարությունը պնդում է, որ դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ։ Դատավորի կողմից Արդարադատության նախարարին մայիսի 12-ին ուղղված գրությամբ թեև դիրքորոշում է ներկայացվել հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ, սակայն գրավոր բացատրություններ, որպես այդպիսին չեն ներկայացվել։ Այնուհետև, Արդարադատության նախարարի մայիսի 16-ի գրությամբ առաջարկվել է գրավոր բացատրությունները ներկայացնել մինչև մայիսի 22-ին։ Նշված գրությունը դատավորի կողմից ստացվել է մայիսի 17-ին, սակայն Արդարադատության նախարարին ուղղված գրությամբ գրավոր բացատրություններ կրկին չեն ներկայացվել։
Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը
Մայիսի 19-ի գրությամբ Հարությունյանը ընդգծել է, որ. «(…) կողմերը գրագրություն, որոշումներ միմյանց ուղարկելիս, ի հարգանք նաև մյուս կողմի, ուղարկում են նաև էլեկտրոնային տարբերակը, որպիսի արձագանքելու, քաղվածքներ ուղղակի խոսքի, գրվածքի մեջբերման (copy/paste) տեխնիկական խնդիրներ, հավելյալ ժամանակ չպահանջվի։ Առավել ևս, եթե նույնիսկ չեն ուղարկում, ապա պահանջի, խնդրանքի դեպքում անհապաղ տրամադրվում են։
Մինչդեռ՝ անտեսվել է նույնիսկ այդ խնդրանքը՝ անարձագանք թողնելով այն կամ նշելով, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ։ (…): (…), սույն գրությունը ոչ միայն վերևում նշվող հասցեատիրոջ, այլև բովանդակային առումով հասցեագրված է բացառապես Վարույթի, գրության իրական հեղինակին՝ Նախարարին, ով անձամբ ծանոթացել է փաստաթղթին դեռևս մայիսի 15-ին, սակայն կրկին գերադասել է պատասխանել հաջորդ օրն այլ պաշտոնյայի անունից։ Դեռ ավելին, որևէ այլ պաշտոնյա իրավասու էլ չէ իրականացնել օրենքով բացառապես նախարարին վերապահված վիճարկելի լիազորությունը։ (..):
Պահանջներս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից»։
ԲԴԽ-ի պատճառաբանությունները և եզրահանգումները
Որոշման մեջ խորհուրդը հղումներ է կատարել մի շարք միջազգային փաստաթղթերի, ներքին օրենսդրական կարգավորումների։ Գործի քննության շրջանակներում խորհուրդն անդրադարձել է լրատվամիջոցներին դատավորի կողմից հայտնված հետևյալ կարծիքին․ «(…) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (…) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը (…) եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել»։
Խորհուրդը նշել է, որ դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից․ «Դատավորի կողմից արված՝ «(…) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (…) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան (…)» արտահայտությունը կասկածի տակ է դնում Խորհրդի որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացում Խորհրդի յուրաքանչյուր անդամի սեփական, ինքնուրույն կարծիքը ունենալու և այն պնդելու հնարավորության առկայության հանգամանքը՝ հայտարարելով, որ «եթե կա բացարձակ կոնսենսուս, ապա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է», ինչը տվյալ տեսանյութը դիտող յուրաքանչյուր ողջամիտ անձի մոտ կստեղծի տպավորություն, որ Խորհուրդը որոշումներ կայացնելիս անկախ և անաչառ չէ և ենթարկվում է ուղղորդման»:
Խորհուրդը նշել է, որ Դավիթ Հարությունյանը վերջին 6-ամսյա ժամանակահատվածում կայացված որոշումներով որոշակի թվով դատավորների լիազորությունները կարգապահական վարույթի քննության արդյունքում դադարեցրած լինելու հանգամանքին՝ դրանք որակել է «անօրինական», ինչով զերծ չի մնացել դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ չառնելու մասին դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտումից:
Խորհի դիրքորոշման համաձայն՝ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Հարությունյանի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի կայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը, մինչդեռ դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումները կասկածի տակ դնելուց:
«Ավելին, դատավորի արտահայտությունները, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են առնում իբրև դատարան հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, դատական ակտերը, հանդիսանում են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորումներ։․․․Դատավորները պարտավոր են բոլոր տեսակի քննադատությունները կամ դիրքորոշումները ներկայացնել մատչելի լեզվով, առավելագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավորինս պահպանել անաչառությունը»,-նշվում է խորհրդի որոշման մեջ։
Խորհուրդը կարևոր է համարել նաև արձանագրել, որ «որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում»։
Որոշմամբ ընդգծվել է, որ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել․ «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ»:
Նշենք, որ նույն այս միտքը կրկնվում էր դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման մեջ։
ԲԴԽ-ն եզրահանգել է, որ դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը կասկածի տակ առնելու հանգամանքները թույլ են տալիս ողջամտորեն եզրահանգել Դատավորի գործողություններում դիտավորության առկայության մասին․ «Դատավորը չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, մասնավորապես, Խորհրդի կարգապահական խախտման հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների մի մասը անօրինական համարելը, Խորհրդի անդամների անկախության և անաչառության մասին կասկածներ արտահայտելը։ Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար, այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է»։
Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման մեջ անդրադարձ է կատարել նաև խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև առկա տնտեսական, ընկերական, աշխատանքային և քաղաքական կապերին։ Խորհուրդն արձանագրել է նաև, որ Դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված հանրահայտ փաստերն ինքնին բավարար չեն եզրակացնելու, որ Կ․ Անդրեասյանը կարող է դրսևորել կողմնակալություն։
Խորհուրդն անդրադարձել է նաև նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշմանը։ ԲԴԽ-ն համարել է, որ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելը, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը և դրա վերաբերյալ նիստի ընթացքում հրապարակային խոսելը բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված խորհուրդը որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
Խորհուրդը քննարկել է նաև դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը․ «Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը»:
ԲԴԽ-ն գտել է, որ դատավորի նման վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է դատական իշխանությունը, այլև իր կատարման հանգամանքներով պայմանավորված՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։ Խորհուրդը որոշել է դադարեցնել նրա լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Եվգենյա Համբարձումյան