«Հայաստան» խմբակցության կին պատգամավորները ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր

Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կին պատգամավորները ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր։

«Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 15-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։

Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ վարույթն ամբողջությամբ գտնվում է նրաց վերահսկողության ներքո, ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել Լիանա Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որի հետևանքով նա կալանավորված է իր մանկահասակ դստեր հետ միասին։

Այս պահին ամբողջ պատասխանատվությունն ու լիազորությունները գտնվում են թե՛ ազգային, և թե՛ միջազգային դատական ատյաններում։ Ազգային դատարանները լիովին իրավասու են հրավիրել անհապաղ դատական նիստ և խափանման միջոցը փոխարինել ներկայացված երաշխավորագրով՝ առանց լրացուցիչ ժամկետների։

Տեղեկացնեմ նաև, որ բազմաթիվ պատգամավորներ ցանկություն էին հայտնել ստորագրել Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր կալանավորման վերաբերյալ երաշխավորագիրը։ Սակայն ֆիզիկական հնարավորությունների սահմանափակման պատճառով ստորագրումը տեղում հնարավոր չեղավ։

Նշված հանգամանքներից ելնելով՝ պատգամավորները կարող են իրենց երաշխավորագրերը ներկայացնել դատարանին՝ ուղարկելով դրանք դատարանի էլեկտրոնային հասցեին:
15 հուլիսի, 2025թ․»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել