Ամեն ինչ անելու ենք Ռուսաստանի միասնությունը պահպանելու համար․ Կադիրով

Չեչեն զինվորականներն ու ռուսական գվարդիայի մարտիկները մեկնել են լարվածության գոտիներ, հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

«Չեչնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային գվարդիայի մարտիկները գնացին լարվածության գոտիներ։

Մենք ամեն ինչ անելու ենք Ռուսաստանի միասնությունը պահպանելու և նրա պետականությունը պաշտպանելու համար»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տալիս, որ նման գործողությունները կարող են արյունալի հետեւանքների հանգեցնել։

«Ես բազմիցս զգուշացրել եմ, որ պատերազմը անձնական դժգոհություններ բարձրաձայնելու և մեր թիկունքում վեճերը լուծելու ժամանակը չէ։ Թիկունքը միշտ պետք է լինի հանգիստ և հուսալի: Պատկերացրեք՝ հիմա ինչ են զգում խրամատում գտնվող տղաները, որոնց դեմքին թշնամի է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրություն։ Մենք խոսում ենք կայունության, պետության համախմբվածության, քաղաքացիների անվտանգության մասին»։


Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել