Մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում «Մետրոն մի քանի րոպե կանգ է առել Բարեկամություն-Բաղրամյան ճանապարհի թունելում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։
«Երևանի մետրոպոլիտենն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ։
Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի է եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ , ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։
Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն այսօր էլ ժամը 09։52 րոպեին մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան-Բարեկամություն 118 պիկետ՝ հորանները ստուգելու նպատակով։
Մեքենավարը՝ հրահանգի համաձայն, 30 վրկ․ կանգնում է, որից հետո անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։
Ժամը 10։19-ի դրությամբ, ավարտելով սոտւգման աշխատանքները, աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը ապահովելու նպատակով։
Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,-նշվում է հայտարարության մեջ։