Սրբուհի Գալյանի ամուսինը 230 մլն դրամ է փոխանցել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի ընկերությունը ձեռք բերած սեփականատիրոջը

Iravaban.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի՝ Սրբուհի Գալյանի և նրա ամուսնու գույքն ու հայտարարագիրը։

Սրբուհի Գալյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2020թ․սեպտեմբերի 1-ից։ Մինչ այդ էլ՝ 2019 թ․ հուլիսից 2020թ օգոստոսի 31-ը զբաղեցրել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 

2019 թվականին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս, Գալյանը հայտարարագրել է․

  • բնակարան – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2017 թվականին,
  • անհատական բնակելի տուն – համատեղ սեփականությամբ, Տավուշի մարզում՝ Դիլիջանում, գնված 2015 թ․,
  • 2,400,000 դրամ,
  • 2,000 դոլար,
  • 9,251,400 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից և վարկերից։

2019 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նա նշել է «Ադդրես» ՍՊԸ-ին հանձնած 39,160,520 դրամի փոխառության մասին։ Նշենք, որ ընկերության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն՝ «Address Construction»-ը Հայաստանում գործող կառուցապատման ու շինարարական ընկերություն է, որի գործունեության հիմնական ուղղությունը բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցումն է (Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)։

Հետևաբար՝ Սրբուհի Գալյանը նոր բնակարան է ձեռք բերել։

Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 683,583 դրամ, կանխիկ՝ 1,600 դոլար, 50,000 դրամ։ 

8 տարբեր աղբյուրներից որպես աշխատավարձ ստացված նրա եկամուտը կազմել է 9,978,712 դրամ և 725 եվրո։ Վեց տարբեր բանկերից ստացված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 43,711,468 դրամ։ 

2020 թվականին, երբ արդեն զբաղցենում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, Սրբուհի Գալյանը հայտարարագրել է․ 

747,746 դրամ՝ բանկային հաշվում, 2,000 դոլար և 2 մլն դրամ՝ կանխիկ, 4 տարբեր աղբյուներից որպես աշխատավարձ է ստացել 11,587,081 դրամ։ Ֆինանսների նախարարությունից «այլ եկամուտ» նշումով գումար է ստացել 3,3 մլն դրամի չափով։ Թե ինչ եկամուտի մասին է խոսքը՝ չի նշվում։ 

Գալյանը ևս 1,518,000 դրամ վարկ է վերցրել։

Հարկային տարվա վերջում առկա փոխառությունը կազմել է 39,160,520 դրամ։ 

2021 թվականին Սրբուհի Գալյանը հայտարարագրել է ևս մեկ անշարժ գույք՝ հողամաս, համատեղ սեփականությամբ, Տավուշի մարզում՝ Դիլիջանում, գնված 2015 թվականին։ 

Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 654,524 դրամ, կանխիկ՝ 1,200,000 դրամ և 3,000 դոլար։ Որպես աշխատավարձ ստացված նրա եկամուտը կազմել է 13,146,156 դրամ։ 2021թ․-ին ևս Ֆինանսների նախարարությունից «այլ եկամուտ» նշումով գումար է ստացել 3,510,416 դրամի չափով։ 

Ստացված վարկերի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34,965,025 դրամ և 600,493 դրամ։ 

Նա նաև նշել է, որ 4,785,302 դրամ վճարում է կատարել՝ ուղղված վարկի մարմանը։

2022 թվականին Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 2019 թվականի հայտարարագրում նշված բնակարանի գնումը։ 

Նա անշարժ գույքի վերանորոգման համար 14,513,918 դրամ է ծախսել։

2022-ին նա 93,840,000 դրամով օտարել է Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում համատեղ սեփականությամբ ունեցած բնակարանը։

Սրբուհի Գալյանի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվել է Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում գտվող անհատական բնակելի տունը։

Բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները կազմել են 24,121,670 դրամ, իսկ կանխիկ՝ 1,704,000 դրամ։ 

Եկամուտները կազմել են 23,872,318 դրամ՝ ստացված աշխատավարձից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրից ստացված եկամուտից և ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտից։

Սրբուհի Գալյանը հայտարարագրել է, որ 2022թ․-ին ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1,577,101 դրամ։ Նա 5,921,650 դրամ է վճարել՝ վարկի մարմանն ուղղված։


Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը հայտարարագրեր ներկայացրել է 2019 և 2020 թվականներին։ 

2019թ․-ին նա հայտարարագրել է․

  • հողամաս – միանձնյա սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2016 թ․,
  • ավտոտնակ – միանձնյա սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2018 թ․,
  • բնակարան – միանձնյա սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2018 թ․,
  • բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2017 թ․,
  • բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2019 թ․, «Լոգինվեստ» ՓԲԸ-ից, 117,600,000 դրամ,
  • բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2019 թ․, «Լոգինվեստ» ՓԲԸ-ից, 206,400,000 դրամ,
  • JEEP մակնիշի ավտոմեքենա, 2004 թ․ թողարկման, գնված 2014 թ․,
  • 19,580 դրամ՝ բանկային հաշվում,
  • 120,833 դոլար՝ բանկային հաշվում,
  • 2,400,000 դրամ՝ կանխիկ, 
  • 2,000 դոլար՝ կանխիկ:

Պետրոս Մկրյանը նաև հայտարարագրել է առկա արժեթղթերը, ստացված փոխառություններն ու 2019 թ․ ստացված եկամուտները։

Նշենք, որ նա բավական խոշոր փոխառություններ է հանձնել մի քանի ընկերությունների՝ որից մեկը՝ շուրջ 272 մլն դրամի չափով։

Iravaban.net-ի Պետական ռեգիստրից ստացված տվյալների համաձայն՝ Պետրոս Մկրյանը այս ընկերությունների սեփականատերն է։ Սա փաստվում է նաև հայտարարագրում ներկայացված տվյալներով․

2020 թվականին պաշտոնյայի ամուսինը հայտարարագրել է վերոնշյալ անշարժ գույքերը, բացառությամբ 2019 թվականին Երևանում՝ Կենտրոնում, համատեղ սեփականությամբ գնված բնակարանը։

Տարեվերջին ներկայացված եկամուտներից պարզ է դառնում, որ նա գույքն օտարել է 124 մլն դրամի դիմաց։ 

Նա նաև 300,000 դրամով վաճառել է JEEP Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան։

Պետրոս Մկրյանի դրամական միջոցները կազմել են 317,000 դրամ՝ բանկային հաշվում, 3,500,000 դրամ՝ կանխիկ, 9,500 դոլար՝ կանխիկ։ Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 4,199,490 դրամ, Ֆինանսների նախարարությունից՝ որպես «այլ եկամուտ»՝ 1,745,037 դրամ։ Նա նաև վարկ է վերցրել՝ 2,500,000 դրամի չափով։

Մկրյանի բաժնեմասնակցությունը՝ ընկերություններից մեկում, փոփոխվել է, մասնավորապես՝ 50 տոկոսից նվազելով 29․41-ի։ 

2020 թվականին ևս Պետրոս Մկրյանը փոխառություններ է հանձնել։ Դրանցից մեկը՝ կրկին բավականին խոշոր գումար է եղել՝ 230 միլիոն դրամ։ Ի տարբերություն մյուս փոխառությունների, սա հանձնվել է ոչ թե ընկերության, այլ՝ անձի՝ Էդգար Ֆիրդուսի Տիտիզյանին։

Iravaban․net-ը պարզել է, որ Էդգար Ֆիրդուսի Տիտիզյանն այժմ «Ալիանս» խորհրդատվական ընկերության սեփականատերն է, որը պատկանել է ՊԵԿ նախկին նախագահ,  ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանին։ 

Մամուլի հրապարկումների համաձայն՝ Պետրոս Մկրյանի հայրը՝ Սիմոն Մկրյանը, Հովհաննես Հովսեփյանի վարորդն է եղել, ինքը՝ Պետրոսը՝ թիկնապահը։ Այս տեղեկությունները նրանց կողմից հրապարակայնորեն չեն հերքվել։ 

Պետական ռեգիստրից ստացված տեղեկությունների համաձայն՝ բաժնեմասը Հովհաննես Հովսեփյանից Էդգար Տիտիզյանին է անցել 2011 թվականին։

Էդգար Տիտիզյանի բաժնեմասնակցությամբ մյուս ընկերությունն էլ պատկանում է «Ալյանս» ընկերության համասեփականատիրոջը՝ Վահե Պետրոսյանին։

Էդգար Տիտիզյանին ևս մեկ ընկերություն է պատկանում՝ «Ջի ԷՄ ՎԻ Շատլ» ՍՊԸ-ն։ Հարկ է նշել նաև, որ 2004 թվականին Տիտիզյանը 20 տարեկան է եղել։


Այս ամենից ելնելով՝ անկողմնակալ դիտորդի մոտ հարց է առաջանում, ինչու՞ է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի՝ Սրբուհի Գալյանի ամուսինը նման մեծ փոխառություն հանձնում նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված անձին։

Ուսումնասիրության է արժանի նաև այն փաստը, թե ինչպե՞ս է Մկրյանը 2019 թվականի դեկտեմբեր ամսին 117 և 204 միլիոն դրամով երկու բնակարան գնել, եթե նրա եկամուտներն այդ տարում անհամեմատ քիչ են եղել։

Պետրոս Մկրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել