Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայտարարեց, որ դատարանը բավարարել է հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ հայցվորի ներկայացրած միջնորդությունը։
Այսպիսով, փոփոխություն կատարվեց հայցադիմումի մեջ և Թերեզա Գևորգյանի նկատմամբ նույնպես գույքային պահանջ ներկայացվեց, քանի որ Ջրվեժում գտնվող անշարժ գույքը դարձել է Արման Գալստյանինը նրանց ամուսնության ընթացքում և համարվում է համատեղ սեփականություն։
Բավարարված միջնորդության պայմաններում դատավորը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանին առաջարկեց հայցի հիմքը և առարկան կրկին ներկայացնել՝ յուրաքանչյուր գույքի բռնագանձման պահանջի մասով փաստական հիմքերը նշելով։
Այնուհետև նիստը հետաձգելու միջնորդությամբ հանդես եկավ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Փաստաբանը ժամանակ խնդրեց հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։
Դատավորը բավարարեց միջնորդությունը, նիստը հետաձգվեց։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել.
- Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,
- 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
- 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:



