Ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի 36-Լ հրամանով հաստատվել է ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը։
Iravaban.net-ը հայտնում է, որ կանոնագրքի 7-րդ մասով սահմանված են պարեկային ծառայողների գործողությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս (133-141 կետեր)։
133. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ընթացքում պարեկային ծառայողը պարտավոր է`
1) առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջներով, դրանց խախտման դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվություն նախատեսող դրույթներով,
2) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող շարասյան կամ առանձին տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ միջոցներ ձեռնարկել պարեկային երթուղով դրանց անվտանգ և անխոչընդոտ անցման համար,
3) հետիոտների և տրանսպորտի առավել ինտենսիվ երթևեկության վայրերում ապահովել հասարակական կարգը, կանխել հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, հետևել, որպեսզի հետիոտների կողմից ճանապարհը հատվի անցումներով,
4) երթուղու տարածքում կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն,
5) մինչև քննիչի ժամանումը` միջոցներ ձեռնարկել պատահարի մասնակիցների անձը ճշտելու, պատահարի մասնակից տրանսպորտային միջոցների փաստաթղթերը վերցնելու, տրանսպորտի հետքերը և դեպքի վայրը պահպանելու, տուժածներին օգնություն ցույց տալու, վկաներին հայտնաբերելու համար, ստացված տվյալները և փաստաթղթերը տրամադրել դեպքի վայր ժամանած քննիչին,
6) Ոստիկանության պետի հրամանով Պարեկային ծառայության ենթակայությանը վերապահված ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ իրականացնել,
7) կարգավորել ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերը և արգելել դրանց երթևեկությունը (շահագործումը),
8) առաջարկություններ ներկայացնել իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնել,
10) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը,
11) հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև արգելանքի վերցնել մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցները:
134. Պարեկային ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանները տալու կարգը սահմանվում է սույն կանոնագրքի հավելվածով:
135. Պարեկային ծառայողն իրեն հայտնի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին զեկուցում է անմիջական հրամանատարին և իր իրավասության շրջանակում գործում՝ ստեղծված իրավիճակին համապատասխան։
136. Պատահարի մասին հաղորդում ստանալուց և պատահարի վայրում գործողություններ կատարելու հանձնարարություն ստանալուց անմիջապես հետո պարեկային ծառայողը հաղորդում ներկայացրած անձից պարզում է հետևյալ տեղեկությունները`
1) պատահարի մասին հայտնող անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը),
2) պատահարի տեղի, ժամի, տեսակի, հանգամանքների մասին,
3) տուժած անձանց մասին,
4) տուժած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու մասին,
5) բժշկական հաստատությունների և տուժած անձանց այնտեղ ուղարկողների (տեղափոխողների) մասին (բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, տեղափոխողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը),
6) պատահարին առնչվող տրանսպորտային միջոցների մասին (մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը)։
137. Ներկայանալով պատահարի վայր, որի հետևանքով տուժել են մարդիկ, մինչև քննիչի կամ Օպերատիվ խմբի ժամանումը պարեկային ծառայողը`
1) պարզում է տուժած անձանց թիվը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է առաջին օգնություն, կազմակերպում տուժածների փոխադրումը բժշկական հաստատություններ, հնարավորության դեպքում պարզում տուժած անձանց տվյալները, բնակության և աշխատանքի վայրերը,
2) պարզում է պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդների անձը և դրանց առնչվող այլ անձանց, վերցնում վարորդների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը ` ապահովելով նրանց ներկայությունը պատահարի վայրում` մինչև քննիչի կամ օպերատիվ խմբի ժամանումը,
3) միջոցներ է ձեռնարկում այն վտանգավոր գործոնների հայտնաբերման և վերացման համար, որոնք կարող են ազդել ինչպես ճանապարհային երթևեկության, այնպես էլ իր անձնական անվտանգության վրա: Այդպիսի գործոնների շարքին են դասվում տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկությունը, տրանսպորտային հոսքի երթևեկության բարձր արագությունը, պատահարի վայրին մոտենալու անբավարար տեսանելիությունը, ճանապարհի սայթաքուն ծածկը, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցներում առկա վտանգավոր բեռները, վնասված տրանսպորտային միջոցների ինքնայրման սպառնալիքը և այլն,
4) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդներից պահանջում է միացնել վթարային լույսերը և տեղադրել վթարային կանգառի նշան, անհրաժեշտության դեպքում տեղադրում է երթևեկության կազմակերպման լրացուցիչ միջոցներ (ժամանակավոր ճանապարհային նշաններ, արգելափակոցներ և այլն), անվտանգության ապահովման նպատակով տեղակայում հատուկ լուսային ազդանշանները միացրած պարեկային ավտոմոբիլ,
5) հայտնաբերում է պատահարի ականատեսներին և գրառում նրանց տվյալները,
6) միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցների, հետքերի, իրերի և պատահարին առնչվող այլ առարկաների պահպանման համար,
7) պատահարի վայր ժամանած դեպքի վայրի զննություն իրականացնող անձին է հանձնում պատահարին մասնակից անձանց, ականատեսների մասին տեղեկությունները, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերցված փաստաթղթերը, հետագայում գործում` ըստ խմբի ղեկավարի հանձնարարությունների,
8) կազմակերպում է տրանսպորտի երթևեկությունը շրջանցմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու համար,
9) եթե վարորդը տրանսպորտային միջոցով պատահարի վայրից դիմել է փախուստի, միջոցներ է ձեռնարկում պարզելու վարորդի երթևեկության հնարավոր ուղղությունը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, ինչպես նաև վարորդի կամ տրանսպորտային միջոցի հատուկ նշանները:
138. Պատահարի տեղանքի ուսումնասիրումից և ականատեսների հարցումից ստացված` փախուստի դիմած վարորդի և տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններն անհապաղ զեկուցում է Օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև գործում է` համաձայն նրանց հանձնարարությունների:
139. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն նյութական վնաս, իրավախախտումներին վերաբերող նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում են պարեկային ծառայողի կողմից` այդ մասին տեղեկացնելով Օպերատիվ կառավարման կենտրոն։
140. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգի դեպքում վարորդին տրանսպորտային միջոցից իջնելու ցուցում կարող է տրվել միայն հետևյալ բացառիկ դեպքերում՝
1) տրանսպորտային միջոցի անսարքությունը կամ կատարված իրավախախտումը տեղում վերացնելիս, ինչպես նաև բեռի փոխադրման կանոնները խախտելիս,
2) վարորդի մոտ՝ հոգեմետ, ալկոհոլային կամ նյութերի ազդեցության տակ գտնվելու մասին առերևույթ հատկանիշներ նկատելիս,
3) փաստաթղթերի կազմման գործընթացում վարորդի պարտադիր մասնակցությունն առաջանալիս կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջանալիս,
4) վարորդի կամ տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից լինելու, մեքենան գողանալու կամ ենթադրյալ այլ հանցագործություն կատարելու կամ դրանում մասնակցություն ունենալու վերաբերյալ տեղեկությունների տիրապետելիս,
5) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ղեկին գտնվելը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները կամ որևէ կերպ սպառնում է նրա կյանքին կամ առողջությանը։
141. Բացառությամբ ծառայողական պարտականությունների անհետաձգելի կատարման նպատակով բացառիկ դեպքերի, պարեկային ծառայողներին արգելվում է իրենց տրանսպորտային միջոցը կանգնեցնել՝
1) սահմանափակ տեսանելիությամբ ավտոճանապարհներին,
2) շրջադարձի մոտ,
3) վերելքի գագաթից անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո,
4) խաչմերուկների, հետիոտնային անցումների, երկաթուղային գծանցների մոտ,
5) կամուրջների վրա և թունելներում,
6) ցանկացած այլ վայրում, որտեղ կանգնելը կարող է վտանգել երթևեկության մասնակիցների կյանքը կամ առողջությունը կամ որևէ կերպ խոչընդոտել բնականոն երթևեկությունը։