Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ իշխանության կուլիսներում բուռն քննարկվում է պաշտոնների բաժանման թեման։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նախագահական ընտրություններում հաղթելով երրորդ անգամ նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կառավարության իր նոր կազմում անակնկալ անուններ ներառել։
Կուլիսներում պնդում են, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, կրկին կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Նշվում է, որ առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան չի ցանկանում շարունակել պաշտոնավարումը։
Երբ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հունիսի 1-ին կհայտնի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, դրանից հետո կսկսվի նոր կաբինետի ձևավորումը։
Պաշտպանության նախարարի համար շրջանառվում են գործող նախարար Հուլուսի Աքարի և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթյուօղլուի անունները։
Ենթադրվում է, որ արտաքաին գործերի նախարարի պաշտոնում իր գործունեությունը կշարունակի Մևլութ Չավուշօղլուն կամ որպես այլընտրանք նշվում է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի անունը։