Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 23-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից, նրա կնոջից, մորից, 2 որդիներից և վերջիններիս կանանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ,
- Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք,
- Երևանում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ,
- 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար),
- 2 ավտոտնակ։
Iravaban.net-ը հայտնում է, որ դատարանը թույլատրեց ԶԼՄ-ների կողմից դատական նիստի ուղիղ հեռարձակումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումը։ Այս անգամ ևս առարկություն ուներ միայն պատասխանողների ներկայացուցիչը՝ Մուշեղ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ անձնական տվյալներ են հրապարակվելու, որոնք չպետք է հանրայնացվեն։ Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը լրագրողների միջնորդությունները բավարարեց ամբողջությամբ։
Նախորդ նիստի ժամանակ Ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նոր պատասխանողներ ներգրավելու, ինչպես նաև հայցի առարկան և հիմքը փոփոխելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Այսօր պատասխանողների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիրքորոշումները ներկայացված միջնորդության վերաբերյալ։ Ե՛վ Մուշեղ Առաքելյանը, և՛ Բենիկ Գալստյանը խնդրեցին դատարանին հայցվորի ներկայացրած միջնորդությունը մերժել։
«Ուսումնասիրության ողջ փուլում որևէ հետաքրքրություն չի դրսևորել Տարոն Մարգարյանի քույրերի՝ Անի և Հայկանուշ Մարգարյանների ուղղությամբ։ Ի տարբերություն գործով պատասխանողների՝ քույրերի մասով դատախազությունը դրսևորել է պասիվ վարքագիծ։ Դատական քննության մի որոշակի փուլում մենք ունենում ենք մի խնդիր, որտեղ ավելացնում են Անի և Հայկանուշ Մարգարյանների անունները»,-նշեց Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ դատախազությունը «լողացող պահանջ» է ներկայացրել։
Մուշեղ Առաքելյանն էլ նշեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը, սակայն քույրերից բռնագանձման ենթակա գույքի արժեքը չի գերազանցում 50 միլիոն դրամը։
Ռուզաննա Խուդավերդյանը դատարանում հայտարարեց՝ օրենքը չի պարտադրում, որ նշված 2 անձնացից գույքը բռնագանձելիս, որպես տիտղոսային սեփականատեր, նրանց պատկանող գույքերի արժեքը գերազանցի 50 միլիոն դրամը։
«Այդ գույքերը, օրենքի իմաստով, հանդիսանում են Տարոն Մարգարյանին պատկանող, այդ պատճառով էլ ներառված են հայցադիմումի մեջ։ Իրենք առանձին, որպես գույք, պետք էլ չի, որ գնահատման ենթարկվեն»,-նշեց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում։