Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից, նրա կնոջից, մորից, 2 որդիներից և վերջիններիս կանանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ,
- Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք,
- Երևանում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ,
- 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար),
- 2 ավտոտնակ։
Նշենք, որ դատարանը թույլատրեց ԶԼՄ-ների կողմից դատական նիստի ուղիղ հեռարձակումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումը։ Դեմ էր միայն Տարոն Մարգարյանի ավագ որդու կնոջ՝ Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ անձնական տվյալներ են հրապարակվելու, որոնք չպետք է հանրայնացվեն։ Սակայն դատավորը գտավ, որ գործը մասնավոր շահին չի վերաբերում, իսկ պատասխանողները հանրային անձինք են և լրագրողների միջնորդությունները բավարարեց ամբողջությամբ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց նաև, որ հայցվորը նոր պատասխանողներ ներգրավելու, ինչպես նաև հայցի առարկան և հիմքը փոփոխելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Ինչպես Մուշեղ Առաքելյանը, այնպես էլ Տարոն Մարգարյանի և նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը դատարանում հայտարարեցին, որ չեն ստացել դատախազի միջնորդությունը։ Դատավորն ասաց, որ հայցվորի կողմից միջնորդությունը դատարանում ներկայացնելուց հետո փաստաբաններին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ, այնուհետև դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ։
Ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը դատարանում հայտնեց, որ դատախազությունը փորձաքննություն էր նշանակել 2014 թվականին 1 միլիոն դրամով ձեռք բերված մեքենայի արժեքը պարզելու համար։ Ըստ փորձաքննության պատասխաի՝ տվյալ գույքի միջին շուկայական արժեքը, այդ օրվա դրությամբ, կազմել է 20 միլիոն 500 հազար դրամ, ինչի կապակցությամբ վերահաշվարկ է իրականացվել։
«Ստացվել է նաև փորձագետի եզրակացությունը Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցում կատարված շինարարական աշխատանքների, կառուցապատման և ներդրումային արժեքի հետ կապված։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականին կատարվել է ընդհանուր առմամբ, միջինում 242 միլիոն 745 հազար դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նույնպես ներառվել է հաշվարկի մեջ»,-նշեց դատախազը։
Ռուզաննա Խուդավերդյանը հայտնեց նաև, որ 2022 թվականի փետրվարին Տարոն Մարգարյանի քույրերին, Անի և Հայկանուշ Մարգարյաններին նվիրատվությամբ Lexus մակնիշի մեքենաներ են փոխանցվել։ Իրավասու մարմնի դիրքորոշմամբ՝ այդ ավտոմեքենաները, օրենքի իմաստով, շարունակում են պատկանել Տարոն Մարգարյանին․ «Հետևաբար՝ Հայկանուշ և Անի Մարգարյանները չեն հանդիսանում բարեխիղճ ձեռքբերողներ։ Միջնորդություն է ներկայացվել վերջիններիս որպես նոր պատասխանողներ ներգրավելու կապակցությամբ»։
Նշված ավտոմեքենաները դատախազությունը պահանջում է բռնագանձել։
Բացի այդ, հայցվորը նշեց, որ փորձագիտական եզրակացություններ են ստացվել Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շենք շինությունների վերաբերյալ։ Այս գույքի միջին շուկայական արժեքը կազմել է 533 միլիոն 360 հազար դրամից մինչև 667 միլիոն 50 հազար դրամ։
«Ինչպես նաև շարժական գույքերի, սարքավորումների շուկայական արժեքներն են ստացվել, որոնք ներկայացվել են փոփոխված հայցադիմումով։ Այս ամենի արդյունքում դրամական պահանջի հետ կապված փոփոխություն է կատարվել։ Նախկինում նշված 98 մլն 247 հազար 854 դրամ պահանջը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, ենթարկվել է փոփոխության։ Կատարված վերահաշվարկների արդյունքում այն դարձել է 100 միլիոն 417 հազար 533 դրամ»,-նշեց դատախազը։
Հաշվի առնելով այն, որ պատասխանողների ներկայացուցիչները ծանոթ չեն միջնորդությանը, ինչպես նաև 3-րդ անձ «Հայբիզնեսբանկ»-ի կողմից ներկայացված միջնորդությունը (գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ), դատավորը գտավ, որ գործի քննությունը ենթակա է հետաձգման։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 23-ին։
Եվգենյա Համբարձումյան