Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված 10 ընկերությունները միջնորդել են դատարանին ժամանակ տրամադրել՝ պատասխան ներկայացնելու համար

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջ՝ Նունե Նիկոլյանի, որդու՝ Հրանտ Բեգլարյանի և դստեր՝ Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

  • Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
  • 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,
  • 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
  • 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավորը հայտնեց, որ գործով որպես 3-րդ անձ ներգրավված 10 ընկերությունները միջնորդություն են ներկայացրել, որով խնդրում են դատարանին ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։՛

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Պերսեֆոնա» ՍՊԸ-ն և «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն գործով որպես 3-րդ անձ ներգրավվելու մասին դատարանի որոշումը ստացել են դեռևս ապրիլի 7-ին և երկշաբաթյա ժամկետ ունեին, որպեսզի միջնորդեին դատարանին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, սակայն դա չեն արել․ «Դատարանը որոշում է գրավոր պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժել»։

Միևնույն ժամանակ Նարինե Ավագյանը հայտնեց, որ «Արաբկիր կահույքի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի, «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի, «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի, «Արևիկ-Տուր» ՍՊԸ-ի, «Սկառտա» ՍՊԸ-ի, «Ռիո» ՓԲԸ-ի և «Նարեկ» ԲԲԸ-ի ներկայացրած միջնորդությունները կբավարարվեն, հաշվի առնելով որ վերջիններս գործով ներգրավելու վերաբերյալ որոշումները ստացել են մայիսի 10-ին․ «Մինչև հունիսի 8-ը ներառյալ ժամանակ կտրամադրվի»։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել