«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը, որպես գերակա ուղղություն, իր իրավական արտացոլումը գտել է ոչ միայն կառավարության ծրագրում, այլև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ։ «Կոնցեպտով սահմանված ուրվագծված ուղղություններին ու նպատակներին հասնելու համար իր ուրույն ու կարևորագույն դերն ունի պետության և հասարակական հատվածի համագործակցությունը, այս ենթատեքստում հատուկ կարևորություն է տրվում այս նախաձեռնությանը, այլընտրանքային մշտադիտարկման զեկույցների պատրաստումը, որը մեր գործընկերները շատ արդյունավետ իրականացնում են»,-ասաց նախարարի տեղակալը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր է ներկայացնել ոչ թե չկատարված աշխատանքը, այլ խնդիրները վերհանումը, որ նոր ռազմավարությունում դրանք տեղ չգտնեն։
«Տարբեր ռազմավարություններում ցուցիչներ են դրվում, հետո գրվում՝ այս ցուցիչը կատարվել է, այն գործողությունն արվել է, բայց մոռանում ենք դա համադրել ռազմավարական խնդիրների մակարդակում արդյունքների նվաճման հետ»,-ասաց նա։ Կարեն Զադոյանը հորդորեց դադարեցնել մրցավազքը ու չշտապել ընդունել նոր` 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը, պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն։
«Ցավոք, Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով հետնահանջ է գրանցել՝ միջազգային հակակոռուպցիոն համապատասխան կազմակերպությունների տվյալներով և դա ընդունում է նաև Հայաստանի կառավարությունը։ Ցավում եմ, որ համապատասխան գործողությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանություններն իրականացնեն կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու համար, ավելին՝ տեսնում եմ շատ տեղեր, որ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում։ Հույս ունեմ, որ այս կոալիցիայի ձայնն ավելի լսելի կլինի»,- ողջույնի իր խոսքում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական հաջողությունների հիմքը երկրում համակարգային կոռուպցիայի արմատական նվազումն է։ Նա նշեց, որ եթե չեղավ հավասարություն, օրինականություն, «չինովնիկների» կամայականությունների սահմանափակումը՝ հասարակությունը կդառնա տոտալիտար, բևեռացված, որի հետևանքները նախկինում բավական մեծ էին։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը հույս հայտնեց, որ առաջիկա հակակոռուպցիոն ռազմավարությունը չի լինի հերթական ռազմավարությունը, ինչպիսիք եղել են 2000-ականներից սկսած, այլ կհաջողվի դրանում ամրագրված գործողությունները կատարել ու հասցնել ավարտին։ «Հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, հակակոռուպցիոն կրթությունը և այլն, այլև մի շարք պաշտոններում թափանցիկ և մրցութային կարգով զբաղեցման ընթացակարգերի նկատմամբ հանրային վերահսկողությունը»,-ասաց Լուսինե Հակոբյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումը կարելի է համարել կառավարություն-քաղհասարակություն կառուցողական երկխոսության նոր ազդակ, ինչը երկար ժամանակ է ինչ բացակայում էր։ «Հույս եմ հայտնում, որ այս շրջանակներում էլ ավելի կակտիվանա երկխոսությունը՝ ի նպաստ Հայաստանում կոռուպցիայի և դրա հետևանքների կտրուկ նվազմանը, համակարգային կոռուպցիայի այլակերպման նոր դրսևորումների կանխարգեկմանն ու վերացմանը»։
Իրավունքի Եվրոպա միավորման ներկայացուցիչ, Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Տիգրան Եգորյանի խոսքով՝ կարևոր է պետության կողմից ռազմավարության մշակման հարցում մասնակցայնության ապահովումը։ «Կարևոր է, որ այս ճանապարհին մենք կարողանանք զարգացնել արդյունավետ համագործակցություն և փոխադարձ ռեսուրսներն օգտագործել ու առավելագույն արդյունք ստանալու աշխատանքի մշակույթ ձևավորենք, որովհետև մեզ մոտ համատեղ աշխատանքի մշակույթի տևական ժամանակ բացակայության հետևանքով է ամեն ինչ միակողմանիի ու սև ու սպիտակի վերածվել։ Սա հաղթահարելու կարևոր քայլ է այս մասնակցային գործընթացը»,-նշեց նա։
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները ներկայացրին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը, Առնոլդ Վարդանյանը։
Խոսելով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի և հակակոռուպցիոն կրթության մասին՝ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ մշտադիտարկման նպատակներն են՝ գնահատել «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի՝ 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների կատարման ընթացիկ իրավիճակը և վերջնական կատարման մակարդակը, պարզել այն գործողությունները, որոնք կատարվել են, կատարվել են մեծամասամբ, մասնակի, չեն կատարվել կամ կատարման ընթացքը կասեցվել է, դրանց պատճառները, կատարել այդ գործողությունների ընթացակարգային (քանակական) գնահատումներ, կատարել գործողությունների ազդեցության մակարդակի (որակական) գնահատումներ։
Սյուզաննա Սողմոնյանը ներկայացրեց զեկույցի եզրակացությունները՝ ըստ ոլորտի։
Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները ներկայացրեց Մարիամ Զադոյանը։ Նա ներկայացրեց նաև բովանդակային մի շարք առաջարկություններ՝ այդ թվում․ կոռուպցիայի կանխարգելման մասին իրավակարգավորումների միասնական ակտի մշակում, ԿԿՀ-ի գործունեության, ռեսուրսների, կարողությունների և ազդեցության գնահատում, քաղաքացիական հասարակության մասնագիտացված և մասնավոր կառույցներին գործառույթների մրցակցային պատվիրակման կառուցակարգերի սահմանում, բարեվարքության ուսումնասիրության համակարգի կատարելագործում և այլն։
Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի հակազդման ոլորտը ներկայացրեց Առնոլդ Վարդանյանը։ «Անհրաժեշտ է միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննությամբ զբաղվող քննիչների, դատախազների դատավորների արտահերթ վերապատրաստումներ, մշակել առանձին հանցագործություններով քննության մեթոդիկայի ուղեցույցներ, ապահովել նրանց մասնագիտական շարունակական զարգացումը»,-մոնիթորինգի արդյունքում առանձնացված առաջարկությունների թվում նշեց նա։
Միջոցառման ընթացքում ստորագրվեց նաև Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի կողմից: