Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արգելված է մուտք գործել Մոլդովա: Նման հայտարարություն է արել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը Մոլդովայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Ինչպես հայտնել է Ռեչանը, Մոլդովան ունի ՌԴ քաղաքացիների սև ցուցակ, որոնք չեն կարողանա մուտք գործել երկիր. դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առանձին պաշտոնատար անձինք տեղեկանում են այն մասին, որ իրենք դրանում ընդգրկված են միայն Մոլդովա մուտք գործելու փորձի ժամանակ։
Ռեչանը խոստացել է մի օր հրապարակել սև ցուցակը:
«Ինչ-որ պահի մենք կկազմենք հանրային ցուցակ, այս պահին այն մեխանիզմը, որն այսօր գործում է, բավական է, ես չգիտեմ՝ անհրաժեշտ է արդյոք պետական միջոցներ ծախսել հանրային ցուցակ կազմելու վրա», – պարզաբանել է նա։
Դորին Ռեչանը նշել է, որ «ոչ ոք, ով չպետք է երկիր մտներ, չի մտել»։