Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից: