Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 10-ին, շարունակվեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ 2 տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալի պաշտպան Արամ Օրբելյանը նիստի սկզբում բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին։ Ըստ նրա՝ նախորդ նիստին ներկայացված՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման մեջ տեղ են գտել դատարանի այնպիսի գնահատականներ, որով դատարանը դուրս է եկել մեղադրանքի սահմաններից՝ օրենքը մեկնաբանելով այնպես, որ ցանկացած դեպքում անբարենպաստ է լինում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։
«Դատարանը պարտավոր է քննել և լուծել իրեն ներկայացված քրեական վարույթը՝ բացառապես մեղադրական եզրակացության սահմաններում։ Դատարանը չի կարող արտահայտվել մեղադրանքի կողմից, իսկ տվյալ դեպքում արտահայտելով քրեական օրենսգրքի նորմի վերաբերյալ դիրքորոշումը դատարանը դուրս է գալիս մեղադրանքի սահմաններից»,-նշեց նա դատարանում։
Վահե Դոլմազյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նոր միջնորդություն ունի ներկայացնելու՝ քրեական գործի վարույթը կարճելու և Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ թե հանցավորության դեմ պայքարի համատեքստում պետք է դիտարկել, այլ քաղաքական հետապնդման։ Փաստաբանը հիշատակեց իշխանական վերնախավի արած հայտարարությունները։
Դատավորը հետաքրքրվեց՝ քաղաքական գործիչների հայտարարությունները ի՞նչ նշանակություն ունեն այս դատավարության համար․ «Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասով ո՞ր կետով է նախատեսված, որ քաղաքական մարմնի ներկայացուցչի, պաշտոնատար անձի կողմից որևէ մեկի հասցեին արված հայտարարությունը կարող է դրվել քրեական հետապնդումը բացառելու հիմքում»։
Արամ Օրբելյանը հղում կատարեց Սահմանադրությանը․ հիմնական իրավունքների խախտումով տեղի ունեցած ցանկացած գործընթաց ապօրինի է։ Նա հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատմամբ հարուցված քրեական գործը։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, Վճռաբեկ դատարանը 1,5 ամսում Նիկոլ Փաշինյանին արդարացրել է՝ այն հիմնավորմամբ, որ նա կատարել է հանցագործություն, սակայն դատավարությունը խաթարել է նրա կամքի ազատ արտահայտման գործընթացը, նրա խոսքի ազատությունը և միտինգ անելու հնարավորությունը»,-նշեց փաստաբանը՝ պնդելով, որ Վճռաբեկ դատարանի այդ որոշում կիրառելի է նաև Ռուբեն Վարդազարյանի գործի շրջանակներում։
Նրա խոսքով՝ եթե հիմնավորվում է, որ քրեական հետապնդումը չունի նպատակ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու, այն է՝ հանցավորության դեմ պայքարելու համար, ապա քրեական հետապնդումը, որքան էլ այն հիմնավոր լինի, պետք է դադարեցվի օր առաջ․
«Ցանկացած մարդ, ով որ չի դադարեցնում այդ գործընթացը, հետագայում համարվելու է հանցագործ»։
Արամ Օրբերլյանը փորձում էր դատարանում ապացուցել, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացների արդյունք է․ «Դուրս գանք փողոց, հարցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին պատժում ենք, որպեսզի դատարանները լավ աշխատեն, թե պատժում ենք, որ այն ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը դառնար ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար։ 100 հոգուց 99-ը ասելու են՝ որպեսզի չլինի Վարդազարյանը, նրա փոխարեն լինի Ջհանգիրյանը, 100-րդը լինելու էր Գագիկ Ջհանգիրյանը»։
Պաշտպանը պնդում է, որ քաղաքական իշխանությունը տևակ ժամանակ փորձել է Ռուբեն Վարդազարյանին ամեն կերպ իր լիազորությունների իրականացումից հեռացնել։ Արամ Օրբելյանը նշում է, որ վերջիններիս կողմից նախաձեռնվել են բազմաթիվ ոչ իրավաչափ գործընթացներ, որոնք վտանգել են դատական իշխանության անկախությունը, դատավորի անփոխարինելիությունը և անձեռնմխելիությունը․ «Ռուբեն Վարդազարյանը ՀՀ-ում միակ դատավորն է, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց դատախազը չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ»։
Փաստաբանի խոսքով՝ կա հստակ փոխկապակցվածություն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների, դրանց բնականոն իրականացման և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման միջև։ Արամ Օրբելյանը կարծում է, որ Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվում է ոչ միայն որպես դատավոր, այլ նաև որպես ԲԴԽ նախագահ, ում լիազորությունն է եղել երաշխավորել դատական իշխանության անկախությունը։
Ըստ նրա՝ քաղաքական իշխանության ներկայացուցիչները չեն թաքցրել իրենց նպատակը, ԶԼՄ-ների միջոցով իրենց «հաղորդագրությունը» հասցրել են հանրությանը։ Այնուհետև, Արամ Օրբելյանը դիմելով նախագահող դատավորին՝ նշեց․ «Հարգելի դատարան, Դուք, որպես նախագահող, չպետք է թույլ տաք, որ դատական իշխանությունը դառնա քաղաքական բութ գործիք»։
Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց․ և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ գործադիր իշխանությունը ուղղակիորեն արտահայտել են կարծիք, որ Ռուբեն Վարդազարյանը չպետք է զբաղեցնի ԲԴԽ նախագահի պաշտոնը, իսկ խորհուրդն ու դատավորները պետք է իրենց «այլ եղանակով» դրսևորեն։
Արամ Օրբելյանը շարունակեց․ գործը պետք է կարճվի՝ իրավունքի խախտումն արձանագրելու փուլում․ «Քաղաքական դրդապատճառներից ելնելով հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացնելու դրդապատճառներից ելնելով, այդ գործը պետք է փակվի այն պահին, երբ դրա մասին հայտնի է դառնում»։
Փաստաբանը հիշեցրեց, որ հաղորդում ներկայացրած անձն այս պահին պաշտոնատար անձ է։ Ինչպես նաև, հաղորդում ներկայացնելու և գործադիր իշխանություն տեղափոխվելու միջև առկա չէ խզում. «Գործադիր իշխանության ներկայացուցիչը հաղորդում ներկայացնելու պահին ունենալով հստակ ապացույց, որ, իր կարծիքով՝ առկա է հանցագործություն, չի ներկայացրել հանցագործության մասին հաղորդումը, մինչև չի եկել հարմար պահը»։
Այնուհետև Ռուբեն Վարդազարյանի պաշտպանն ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության, դատավորների վերաբերյալ արած հայտարարությունները, այդ թվում՝ «վնգստացող դատավորների» վերաբերյալ։ Նա խոսեց նաև այժմ Գլխավոր դատախազ, նախկինում՝ վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի կողմից մի քրեական գործով ենթադրյալ միջամտության դեպքի մասին։
Այս անդրադարձից հետո Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը հայտարարեց, որ Աննա Վարդապետյանի կողմից Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվել է դատական քննությունը և առկա է ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու վերաբերյալ տեսագրություն էր տարածվել, համաձայն որի՝ գործը քննող քննիչը դատավարական որոշումների նախնական տարբերակներն ուղարկել է Աննա Վարդապետյանին, որը խմբագրել է դրանք և կրկին ուղարկել քննիչներին։ Տարածվող տեսագրության առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստել, որոնց հիման վրա ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումների հետ և խմբագրել դրանք։
Դրան հաջորդել է թելեգրամյան ալիքներով տարածված մեկ այլ ձայնագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ ԱԱԾ-ն մերժել էր նաև այս դրվագով քրեական գործի հարուցումը։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը նախ՝ դատախազություն էր բողոք ներկայացրել՝ պահանջելով վերացնել որոշումները, իսկ բողոքի մերժումից հետո դիմել էր դատարան։
«Կա որոշում, որ արարքը իրավաչափ է, այսինքն, նրա գործողություններն այնքանով, որքանով անօրինական չեն ճանաչվել, մենք պետք է պնդենք, որ դա իրավաչափ գործողություն է։ Հետևաբար, իրավաչափ գործողությունը մեկնաբանել այնպես, որ դա ոչ իրավաչափ է, կամ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ դա ոչ իրավաչափ է, տեղին չէ։ Խնդրում եմ՝ ձեռնպահ մնալ նման մոտեցումից»,-նշեց Աշոտ Ժամկոչյանը։
Արամ Օրբելյանը նշեց, որ ինքը փաստն է արձնագարում․ վարչապետի օգնականը, չունենալով նման լիազորություններ, իրականացրել է մասնավոր կարգավիճակով խորհրդատվություն։ Այնուհետև փաստաբանը ուշադրություն հրավիրեց Կառավարության շենքում դատավորների և այն ժամանակ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը․ «Դրա ընթացքում քննարկվում է հարց, թե ինչո՞ւ չկան կալանավորվածներ։ Խոսքը ինչպես սյունիքյան բարևների, այնպես էլ միտինգներին, քաղաքական գործընթացներին, Արարատ Միրզոյանի գործի քննությանն է վերաբերում։ Կային ձերբակալվածներ, որոնք հետո բաց էին թողնվում»։
Պաշտպանի խոսքով՝ ինքը պրիմիտիվ օրինակներ է բերում ցույց տալու համար, որ Կառավարությունը համարում է, որ կարող է դատավորներին կանչել Կառավարության շենք և հարցնել՝ ինչո՞ւ չկան կալանավորվածներ․ «Քրեադատավարական գործընթացներին ուղղակի կամ անուղղակի եղանակով միջամտելու իրավունք նա չունի»։
Այդ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը չի մասնակցել։
Արամ Օրբելյանը միջնորդությունն ամբողջությամբ չկարողանացավ ներկայացնել՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Միջնորդության ներկայացումը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 25-ին։
Եվգենյա Համբարձումյան