Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, բեկանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։

Քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթական չէ բողոքարկման։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո մարտի 2-ին, ձերբակալությունից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1-ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է դատախազություն և ձերբակալվում։

Նա մեղադրվում էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին  ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել