Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով միակ կալանավորը պնդում է, որ տուբերկուլոզով է հիվանդ

Հակակոռոպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 31-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին (կալանավորված)։

Iravaban․net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի սկզբում Արա Յաղջյանի փաստաբան Տիգրան Աբրահամյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց։ Այժմ ամբաստանյալի նկատմամբ կիրառված է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը, որը պաշտպանը առաջարկեց փոխարինել 2 միլիոն դրամի չափով գրավով։ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Յաղջյանը պատշաճ ձևով կատարել է իր վրա դրված բոլոր պարտականությունները։ Վերջինս գործարար է և անհրաժեշտություն ունի երկրից բացակայելու՝ տարբեր հանդիպումների, կոնֆերանսների, բիզնես ֆորումների մասնակցելու համար։

«Ակնհայտ է, որ եթե նույնիսկ այս աբսուրդ մեղադրանքով Յաղջյանը մեղավոր ճանաչվի, նրա նկատմամբ նշանակվելու է տուգանքի ձևով պատիժ, որի առավելագույն չափը չի կարող գերազանցել 400 հազար դրամը։․․․Նա պատրաստ է 2 միլիոն դրամի չափով գրավ վճարել, ինչը կարող է բավարար երաշխիք լինել, որ Յաղջյանը 400 հազար դրամով տուգանվելու հավանական վախի պատճառով չի թաքնվի և իր վրա դրված պարտականությունների կատարումից չի խուսափի»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Գործով մեղադրող Կորյուն Սերոբյանի խոսքով՝ գործող խափանման միջոցը կիրառվել է այն մտավախությունից ելնելով, որ Արա Յաղջյանը կարող է արտերկիր մեկնել և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չլինել․ «Գրավն այդ հիմքի, այդ մտավախության չեզոքացման համար ոչ պիտանի խափանման միջոց է»։

Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց ներկայացված խափանման միջոցը, քանի որ «գրավ» խափանման միջոցը ի զորու է ապահովել անձի պատշաճ վարքագիծը քննության այս փուլում։

Դատավոր Տիգրան Դավթյանն առաջարկեց քննարկման առարկա դարձնել նաև գործով միակ կալանավորի, Վիգեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցը, քանի որ ապրիլի 13-ին լրանում է կալանքի ժամկետը։ Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման հիմքեր հիմա էլ են առկա, էական հանգամանքներ ի հայտ չեն եկել, փոփոխություններ տեղի չեն ունեցել․ «Կարծում եմ, որ խափանման միջոցի ժամկետն անհրաժեշտ է երկարացնել։ Առողջական խնդիրների հետ կապված միջոցներ ձեռնարկվել են»։

Վիգեն Գրիգորյանի պաշտպան Կարեն Ղոնյանը հայտարարեց, որ խափանման միջոցը պետք է փոխարինվի, առաջարկեց գրավը։ Բացի այդ, դատարանի որոշմամբ դեկտեմբերին նշանակված փորձաքննության պատասխանը մինչև հիմա չեն ստացվել։ Նա նշեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության աշխատակիցները խորհուրդ տվեցին չշարունակել հրավիրված նիստը։

«Դրանից հետո հետազոտություններ են անցկացվել, ճնշումը եղել է 100/200։ Մասնագետ կամ բժիշկ պետք չի լինել հասկանալու համար, որ դա նորմալ չէ։ Բացի այդ, անհրաժեշտ է բազմապրոֆիլ հիվանդանոցում բազմաթիվ հետազոտություններ անցկացնել, որպեսզի պարզ դառնա, թե ճնշման նման ցուցանիշը ինչով է պայմանավորված։ Ի հայտ է եկել նոր հիվանդություն»,-պաշտպանը չցանկացավ դատարանում հրապարակել մանրամասները, միայն փաստաթղթեր փոխանցեց դատարանին և մեղադրող կողմից։ Ըստ նրա՝ իր պաշտպանյալը սպեցիֆիկ բուժման կարիք ունի՝ նշված հիվանդությամբ պայմանավորված։

Կարեն Ղոնյանը ներկայացրեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանքը, որում նշվում է՝ իր պաշտպանյալի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ (թոքախտ)։

«Ես Ձեզ խնդրում եմ էլի, թեկուզ տնային կալանք տվեք»,-նշեց Վիգեն Գրիգորյանը։

Դատարանը որոշեց Վիգեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ 2 հիմքով․ ամբաստանյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը և առկա է նոր հանցանք կատարելու հավանականություն։ Դատավորը քննարկման առարկա դարձրեց նաև ամբաստանյալի տեսակցությունների թույլտվության հարցը, որոնք այժմ փակ են։

Մեղադրողը նշեց, որ ընտանիքի անդամների հետ տեսակցություններին չի առարկում։

«Դատարանը որոշում է տեսակցությունների և հաղորդակցության այլ միջոցների վրա կիրառված արգելանքը, մերձավոր ազգականների մասով, վերացնել»,-նշեց Տիգրան Դավթյանը։

Այնուհետև դատախազը հրապարակեց բոլոր ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները, այդ թվում՝ Վիգեն Գրիգորյանինը։

Կարեն Ղոնյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Վիգեն Գրիգորյանը մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար մի շարք անձանցից պահանջել և յուրաքանչյուրից ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 14-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել