Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպումը 1 միլիարդ 160 միլիոն դրամ կարժենա․ խորհրդանիշը հայակական մուֆլոնն է

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի անցկացվելու է Հայաստանում՝ Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ին կազմակերպած միջոցառմանը ներկայացրել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:

Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է ԿԳՄՍՆ-ին՝ առաջնության խորհրդանիշի վերաբերյալ որոշ մանրամասներ ճշտելու համար։

Ի պատասխան հարցման, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել է․

«2023 թվականի ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար կազմակերպված մրցույթի հաղթողը, այդ թվում` առաջնության խորհրդանիշը, ընտրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից Եվրոպայի առաջնության կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1» ծածկագրով կազմակերպված երկու փուլով մրցույթի ընթացակարգի արդյունքում:

Ի կատարումն ՀՀ կառավարության 29.12.2022թ թիվ 2111-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի՝ մրցույթի ընտրված մասնակից ճանաչված «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 09.03.2023թ կնքվել է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման թիվ «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1-1» ծածկագրով պայմանագիրը»։

Նախարարությունից հայտնել են նաև, որ խորհրդանիշի պատրաստման գինն առանձնացված չէ կնքված պայմանագրում և ներառված է ծառայությունների մատուցման ընդհանուր գնի մեջ:

Փաստաղթղերից պարզ է դառնում, որ նախարարության հայտարարած մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 4 կազմակերություն։ Ստորև պատկերներում նշված է կազմակերպությունների ներկայացրած գնառաջարկն ու հաղթող կազմակերպության ընտրության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Հաղթող ընկերության՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1․160․000․000 դրամ։

Պայմանագիրն ամբողջությամբ՝ ստորև․

Թեև պայմանագրում նշված է, թե համաձայն ծանրամարտի միջազգային կանոնակարգի, առաջնության կազմակերպման շրջանակներում ինչ է անհրաժեշտ նախատեսել, ու ինչ ծառայություններ են մատուցվելու, սակայն յուրաքանչյուր ծառայության համար առանձնացված արժեք նշված չէ։

Պայմանագրում նշվում է նաև, որ Երևանում անցկացվելիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և միջոցառման անցկացման նպատակը միջազգային հարթակներում Հայաստանն էլ ավելի ճանաչելի դարձնելն է, ինչը կխթանի ծանրամարտի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, արդյունքային ցուցանիշների բարձրացմանը, արդյունքային ցուցանիշների բարձրացմանը, մրցանակային տեղերի գրավմանը, որը հնարավորություն կընձեռի հետագայում ևս նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանի Հանրապետությունում։

————————

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ազդարարվեց նաև Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

«Մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է առաջնության խորհրդանիշը և այստեղ ներկայացվում է որպես ծանրորդ»,- իր խոսքում նշել է ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են նաև, որ Կարապի լճի հարևանությամբ գործելու է նաև ֆան գոտի՝ իր շուրջը համախմբելով երկրպագուներին:

Ալիսա Չիլինգարյան

 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել