Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի հաղթող է ճանաչվել Արամայիս Փաշինյանին։ Նշենք, որ նա այժմ էլ զբաղեցնում է ԿԿՀ-ի անդամի պաշտոնը։
Թեկնածուի ընտրության մրցույթը հայտարարվել էր դեռևս 2023 թվականի հունվարի 19-ին, համապատասխան հայտարարությունը տեղադրված է եղել Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։
Փետրվարի 10-ի նիստում խորհուրդը որոշել է հաստատել Արամայիս Փաշինյանի հայտը։ 20-օրյա ժամկետում նրա հետ հարցազրույց է անցկացվել։ Ազգային ժողովի կայքէջում հրապարակվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլի մասին։ Դրա արդյունքում, մարտի 24-ին խորհուրդը որոշել է ԿԿՀ անդամի թեկնածու առաջադրել Արամայիս Փաշինյանին։
Ըստ էության, մրցութային խորհրդի գոյությունը չի արդարացվել։ Մեկ դիմում, մեկ թեկնածու։ Խորհուրդը հաստատել է թեկնածուին ու ամենայն հավանականությամբ, Փաշինյանը 2-րդ անգամ կընտրվի հանձնաժողովի անդամ։ Փաստացի, դուրս է գալիս, որ շղարշային մրցույթի միջոցով, առանց իրական մրցակցության, առանց ալտերնատիվ թեկնածուների, քաղաքական իշխանությունների հետ փոխկապակցված անձին, երկրորդ անգամ անընդմեջ ցանկանում են ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։
Ավելի վաղ գրել ենք, որ Արամայիս Փաշինյանի ինքնակենսագրությունը որևէ կերպ չի բացահայտում նրա կապը ԲԴԽ-ի հետ, և հանրության շրջանում ողջմատորեն հարց էր առաջացել, թե ինչո՞ւ է ԲԴԽ-ն առաջադրել հենց նրան։ Սակայն, բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նա ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանի քրոջ` Լիլիթ Գալյանի ամուսինն է։
Դեռևս 2019-ին, երբ ընտրվում էին հանձնաժողովի անդամները, նրանց թեկնածություններն առաջադրում էին խորհրդարանական 3 խմբակցությունները, ՀՀ Կառավարությունը և Բարձրագույն դատական խորհուրդը։
Այդ ժամանակ Արամայիս Փաշինյանը առաջադրվել էր Բարձրագույն դատական խորհրդի կողմից (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1995-2000թթ․ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), մասնագիտացումը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2009-2019 թթ. Հարկային և բիզնես օրենսդրության, գործարար էթիկայի և այլ թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ և սեմինարներ, ՖՀՄՍ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ․ նոյեմբերից – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ․ – «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ ֆինանսական ղեկավար,
2009-2018թթ․ – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ավագ աուդիտոր, հարկային մասնագետ,
2016-2017թթ․ – Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսական և համապատասխանության պիլոտային աուդիտի անկախ փորձագետ,
2008-2019թթ․ – «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական ղեկավար,
2007-2008թթ․ – «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի գլխավոր հաշվապահ,
2002-2007 թթ․ – «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գանձապահ-ֆինանսական մասնագետ:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ է, տիրապետում է hայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին,
2000-2002 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի 2 որդի
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
14 հուլիսի 1978 թ., ք. Իջևան
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես Հանձնաժողովի անդամ՝ համակարգում է Հայտարարագրերի վերլուծության վարչության գործունեությունը: